Գոլդ համարանիշներով Mercedes-ի վարորդը՝ «Հաղթանակ» կամրջի վրա բռնվեց պարեկների կողմից

Գոլդ համարանիշներով Mercedes-ի վարորդը՝ «Հաղթանակ» կամրջի վրա բռնվեց պարեկների կողմից

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններոմ, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդում տեղեկություններ են ստացվել, որ Mercedes մակնիշի ավտոմեքենան՝ Կենտրոն վարչական շրջանում, Օպերայի մոտակայքում վթարային իրավիճակ է ստեղծել, ապա բախվել մեկ այլ ավտոմեքենայի ու դիմել փախուստի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգը փոխանցվում է պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտ և տեղում գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ որոշվում է իրականացնել «Ազիզ, մի խախտիր երթևեկության կանոնները» օպերացիան:

Պարեկներին հաջողվում է դուրս գալ Mercedes-ի հետքի վրա, սակայն վերջինիս վարորդը չի ենթարկվում պարեկների օրինական «կանգառ» հրահանգներին: Արդեն վաշտի հրամանատարը ճիշտ կողմնորոշվելով, որ նա ուղղություն է վերցնում դեպի Իսակովի պողոտա, «Հաղթանակ» կամրջի վրա արդեն պարեկների հետ կազմ ու պատրաստ սպասում են «մեծն Տորետտոյին»:

Mercedes-ի վարորդը բախվում է պարեկային ծառայության Skoda-ին և այլևս չի կարողանում ճողոպրել: Վայրկյանների ընթացքում պարեկները նրան իջեցնում են ավտոմեքենայից և դեպքի վայր ժամանած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները նրան տեղափոխում են ոստիկանության Կենտրոնական բաժին: Նա ենթարկվում է սթափության փորձաքննության, պարզվում է, որ եղել է ոչ սթափ:

Ավտոմեքենան էլ չի ունեցել ԱՊՊԱ, իսկ ավտոմեքենայի բեռնախցիկում էլ հայտնաբերվել է այլ ավտոմեքենայի համարանիշներ:

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, նա Երևանի բնակիչ, 32-ամյա Ա. Ազիզյանն է: