Գյումրու ոստիկանությունը դեռ ապրում է նախահեղափոխական ժամանակներում․ մարդ են ծեծում ավտո «ճռռացնելու» համար

Գյումրու ոստիկանության Կումայրու բաժնի աշխատակիցները դեռ ապրում են նախահեղափոխական ժամանակներում։ Մարդ են ծեծում փողոցում ավտո «ճռռացնելու» համար, «բաժնում» կալանավոր են պատժում, իսկ երբ լրագրողների մոտ հարցեր են առաջանում՝ անվերապահորեն հերքում են։ Սեպտեմբերի 28-ին Կումայրու բաժին բերման էին ենթարկել ոստիկանության նախկին աշխատակից Հարություն Պետրոսյանին և, ինչպես նրա հարազատներն էին պնդում, բաժնում ոստիկանները նրան ծեծել էին։

Forrights.am-ին Պետրոսյանի դուստրը՝ Սվետլանան, ծեծող ոստիկանների անուններն էր տվել՝ Կարեն Գևորգյան և Արթուր Հակոբյան, ինչպես նաև ներկայացրել «Գյումրի» բժշկական կենտրոնի տրամադրած փաստաթղթերը, տեսանյութերը, որոնցից հետևում էր՝ Հարություն Պետրոսյանի առողջական վիճակը ոստիկանական բաժանմունքում կտրուկ վատթարացել է, նրա մարմնին քերծվածքներ են առաջացել, բարձրացել է ճնշումը։

Ոստիկանությունից հակասական տեղեկություններ հայտնեցին: Նախ, ասացին, որ ծեծի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը, որ նման բան մանավանդ մեր օրերում չի կարող լինել: Այնուհետև, երբ արդեն հրապարակել էինք բժշկական զննության եզրակացությունը, որում որպես բուժզննությամբ հայտնաբերված քերծվածքների և գլխուղեղի տրամվայի պատճառ ուղղակի նշվում է ծեծը, ոստիկանությունից հայտնեցին, որ տեղի ունեցածի վերաբերյալ ներքին ծառայողական քննություն է իրականացվում: Ավելի ուշ էլ տեղեկացրեցին, որ Հարություն Պետրոսյանի հետ կապված միջադեպով զբաղվում է Հատուկ քննչական ծառայությունը:

«Գնացել հայրիկիցս բացատրություն էին վերցրել, նա էլ դեպքի մանրամասներն էր պատմել: Այսօր իմացա՝ դատաբժիշկը թուղթ է տվել պապայիս, որտեղ գրել են, որ թեթևից էլ ցածր մարմնական վնասվածք է ստացել»,- ասում է Սվետլանա Պետրոսյանը:

Այսպիսով, միտում կա ծեծի դեպքը կոծկելու։

Քրեական հետապնդումը Հարություն Պետրոսյանի դեմ սկսվել էր, կարելի է ասել, կենցաղային պատճառից. նրա հարևանը ինչ-որ մեկի համար ապրանք էր բերել արտասահմանից և տիրոջը չէր տվել, ապրանքի տերն էլ Պետրոսյանից էր փորձել իմանալ իրեն «քցողների» տեղը, գտել էր նրանց ու ծեծի էր ենթարկել: Վերջիններս էլ Հարությունին պատժեցին իրենց տեղն ասելու համար՝ հարձակվեցին նրա և կնոջ վրա, մի խոսքով՝ մեծ ծեծկռտուք էր տեղի ունեցել հարևանների մասնակցությամբ:

Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել հարևանին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Նրա ընտանիքի անդամները ժխտում են, որ հայրը մեղավոր է. նա ընդամենը պաշտպանել է իր կնոջը: Ծեծը՝ որպես հարցի լուծման եղանակ, լայն տարածում ունի Գյումրիում, թե՛ հասարակ, թե՛ «պագոնավոր» քաղաքացիների շրջանում:

Առավել մանրամասն կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։