Գյումրեցիներն արթնացել են ուժգին ցնցումների ներքո․ նրանցից ոմանք տնից դուրս են փախել

Գյումրեցիներն արթնացել են ուժգին ցնցումների ներքո․ նրանցից ոմանք տնից դուրս են փախել

Aravot.am-ը գրում է․ Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 7․36 րոպեին տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Գյումրիում․ այն մեծ անհանգստություն է պատճառել այս քաղաքի բնակիչներին։

Սոցիալական ցանցերը նույն վայրկյանին հեղեղվեցին երկրաշարժի մասին գրառումներով, նկատելի է, որ գյումրեցիներին շատերն արթնացել են վախով՝ ցնցումների ներքո։ Ըստ գրառումների, երկրաշարժը երեք անգամ ուժգին ցնցել է Գյումրին։

Օգտատերերից ոմանք նույնիսկ փաստում են, որ արթնանալուն պես՝ հասցրել են դուրս վազել տնից։ Նրանցից մեկը գրել է․ «Շատ վախեցա․ ցավոք, առանց ցնցումների էլ ապրել չենք կարող»:

Մեկ այլ օգտատեր էլ հումորով արձագանքել է․ «Զարթուցիչը չկարողացավ արթնացնել, երկրաշարժը ողջ քաղաքին արթնացրեց»։ Թե ինչ վնասներ է պատճառել երկրաշարժը մեծ թվով վթարային շենքեր ունեցող Գյումրիին, դեռ հայտնի չէ, պաշտոնական տեղեկատվության համաձայն, երկրաշարժը տեղի ունեցել Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 14 կմ արևելք՝ վեց բալ ուժգնությամբ։

«Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 09:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:10-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․19⁰ և արևելյան երկայնության 43․96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու մարզերում՝ 4 բալ, Տավուշի, Արագածոտնի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ»։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում մասնավորապես հայտնում է․ «ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ`այս պահին փլուզման ահազանգեր չեն եղել։ Մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումները տեղեկատվություն են հավաքագրում մարզի բոլոր համայնքներից՝ արձանագրված հնարավոր վնասները ճշտելու համար»։