Գիշերային ակումբները, սաունաները 100 մետր շառավղով կհեռացվեն բնակելի տարածքներից

Գիշերային ակումբները, դիսկոտեկները, սաունաները 100 մետր շառավղով կհեռացվեն բնակելի տարածքներից։ Ամիսներ առաջ Ազգային ժողովն ընդունեց բազմաբնակարան շենքերի, կրթական, պատմամշակութային, բժշկական հաստատությունների տարածքներում գիշերային ակումբների, կարաոկեների, դիսկոտեկների, սաունաների տեղակայումը սահմանափակելու մասին օրենքի նախագիծը:

Երեւանի քաղաքապետարանի ավագանու առաջիկա նիստում քվեարկության է դրվելու այս նախագիծը։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանը։

Նա նշեց, որ առաջարկվում է այս կառույցները բնակելի շենքերից, կրթօջախներից հեռացնել 100 մետր շառավղով։ 

«Հանձնաժողովի նիստում քննարկվել է, որտեղ փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը ներկայացրեց նախագիծը։ Բավականին լավ նախագիծ է։ Ուզում եմ նշել, որ փաբերն այդ ցանկի մեջ չեն մտնում։ Այդ կառույցների սեփականատերերը 1 տարի ժամանակ են ունենալու։ Հանձնաժողովի նիստում նախագծին տրվել է դրական եզրակացություն, մենք կողմ ենք քվեարկելու»։

Ըստ Անի Խաչատրյանի՝ այդպիսի 10 օբյեկտ կա։

Նշենք, որ գիշերային ժամերին լռության պահպանման համար համայնքի ավագանին կկարողանա տարանջատել երեք ժամային չափեր՝ 22:00-ից մինչև առավոտյան 07:00-ն, 23:00-ից մինչև առավոտյան 07:00-ն և 24:00-ից մինչև առավոտյան 07:00-ն:

Աղբյուր՝ hraparak.am