Գերմանիայի հայերն արտաքսման վտանգի տակ են. մերժվում են հազարներով

Գերմանիայի հայերն արտաքսման վտանգի տակ են. մերժվում են հազարներով

1in.am-ը գրում է․ Գերմանիայում ապրող մեր այն հայրենակիցները, որոնք Գերմանիայում ապաստան ստանալու իրավունք չեն ստացել, վերջին մեկ շաբաթում նամակներ են ստանում երկիրը լքելու։ Մերժվում են հազարներով, սակայն ոչ բոլորին են արտաքսում, միայն նրանց, ում կարողանում են։ Հիմնականում մերժվում են 2015-ից հետո Գերմանիա տեղափոխվածները։ Պահանջը չկատարելու դեպքում նրանց սպառնում է Գերմանիայից արտաքսում։

Գերմանահայերը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեցին, որ խնդիրը միշտ եղել է, սակայն համատարած բնույթ է ստացել վերջին մեկ շաբաթում։ Նամակում որպես հիմնավորում նշված է՝ մերժվել է ձեր՝ ապաստան ստանալու իրավունքը, և դուք պետք է լքեք երկիրը, ձեր երկիրը պատրաստակամություն է հայտնել ընդունել ձեզ։

Գերմանիայում ապաստան ստանալու իրավունքը կարող է տարիներ տևել։ Մերժման պատճառները քաղաքական ապաստան խնդրողների դեպքում հետևյալն է. ձեր երկրում՝ ՀՀ-ում, քաղաքական ռեպրեսիաներ և հետապնդումներ չկան, իսկ հիվանդության դեպքում՝ հիմնավորմամբ, որ ձեր երկիրը կարող է բուժել ձեզ։

«Ապաստան ստանալու ընթացքը տևում է տարիներ, ու էդ ընթացքում շատ նամակներ են ստանում՝ հիմնավորումներով, թե ինչու չես ստանում»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նախարարությունը, որը զբաղվում է Գերմանիայում ապաստան տալու իրավունքով, իր մերժումները բացատրում է Հայաստանի տրամադրած տեղեկատվությամբ, թե ինչ իրավիճակ է Հայաստանում, իսկ Հայաստանը ասում է, որ ամեն ինչ լավ է, կարող եք հետ ուղարկել, և հետ է պահանջում քաղաքացիներին։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով խնդրին, նշեց, որ ընդհանրապես սա նոր երևույթ չէ, դրանում նոր բան չկա: «Դա պայմանավորված է երկու հանգամանքով. առաջինն այն է, որ միջազգային պայմանագրերի շրջանակներում մենք ունենք պարտավորություն հետ ընդունելու մեր քաղաքացիներին, որոնք անօրինական կամ անկանոն վիճակում գտնվում են ԵՄ երկրներում:

Երկրորդն այն է, որ եվրոպական երկրները, մասնավորապես Գերմանիան, խստացնում են իրենց միգրացիոն քաղաքականությունը: Այդ միտումը զգալի է 2015-2016 թվականներից՝ ԵՄ երկրներում միգրացիոն ճգնաժամից հետո: Դա մենք տեսնում ենք նաև մեր վիճակագրության վրա, այսինքն՝ ռեադմիսիոն հայցերի քանակով, որը ստանում ենք:

ինքնաթիռ

Դա սկսվել է 2017-ից սկսած, և այդ միտումը շարունակվել է նաև 2020-ին: Գերմանիան բացարձակ առաջատար է եվրոպական երկրներից Հայաստան ուղարկվող ռեադմիսիոն հայցերի քանակով»,- ասաց Արմեն Ղազարյանը:

Նա նաև որոշակի վիճակագրական տվյալներ ներկայացրեց. «2017 թվականին Գերմանիայից ստացել ենք 1022 ՀՀ քաղաքացու վերաբերյալ ռեադմիսիոն հայց, որից հաստատել ենք 801-ի քաղաքացիությունը: Սա դեռ չի նշանակում, որ բոլոր այդ անձինք վերադարձվելու են Հայաստան: 2018-ին ներկայացվել է 1402 անձի մասին հայց, որից հաստատվել է 1208-ը: 2019-ին ներկայացվել է 1180 աձի մասով հայց, որից հաստատվել է 1043-ը: 2020-ի համար թվերն ամբողջությամբ հաստատված չեն, բայց էլի դրական հայցերը 80 տոկոսի շրջանակում են»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում