Գերիները, որ վերադառնան մի հարց կտան՝ պարոն Փաշինյան, ո՞ւր էր հայրենիքը, երբ մենք գերության մեջ էինք (Տեսանյութ)

Գերիները, որ վերադառնան մի հարց կտան՝ պարոն Փաշինյան, ո՞ւր էր հայրենիքը, երբ մենք գերության մեջ էինք (Տեսանյութ)

News.am-ը գրում է․ Անհետ կորած է համարվում, բայց իմ ստացած տեղեկություններով գերի է, որովհետեւ տեսնող է եղել, որ ադրբեջանցիները գերի են տարել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 21-ին, Ազատության հրապարակում անհետ կորածների հարազատների ակցիայի ժամանակ նշեց անհետ կորածի հայր Վլադիմիր Հարությունյանը՝ հավելելով, որ իրենք Շուշի քաղաքից են:

Նա պատմեց, որ որդին որպես մոբ Հադրութում է եղել. «Վիրավոր ընկած է եղել, ընկերների մի մասը անգամ կարծել են, որ զոհված է, բայց հետո տեսնող է եղել:  Որդուս հետ վերջին անգամ խոսել եմ հոկտեմբերի 15-ին:

Զանգել, ասել է, որ իրենց տանում են մի տեղ, որտեղից ոչ մի կապ չի լինելու, չանգեք: Ու վերջ, էլ կապ չենք ունեցել: Հաջորդ օրը մտել են մարտի մեջ ու էդ օյինը բերել մեր գլխին: Մենք պահանջում են բոլոր գերիների ու անհետ կորածների վերադարձ:

Այսօր Ալիեւը ցինիկորեն հայտարարում է, որ գերի չունեմ, որովհետեւ երեխաների գլխին սարքում են, դատական գործեր են  սարքում, որ նրանք գերիներ չեն հանցագործներ են: Բայց բոլորն էլ գիտեն Ադրբեջանի այդ տակտիկան»:

Անհետ կորածի հայրը նշեց, որ գոհ չեն գերիներին վերադարձնելու գործում իշխանությունների քայլերից. «Իշխանությունների անտարբեր վերաբերմունքն էլ մի կողմից է մեզ կեղեքում: Մեզ ասում են, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, դեռ ոչ մի լուր չկա:

Եվրոպական դատարանի հայկական գրասենյակին էլ ենք դիմել, դեռ ոչ մի լուր չկա: Կարմիր Խաչը առայժմ անզոր է որեւէ բան անելու: Իշխանությունների հետ միջգերատեսչական հանձնախումբն են ստեղծել, որ այդ ուղղությամբ աշխատանք տարվի:

Տեսնենք, դա էլ դեկտեմբերի 16-ից է աշխատելու: Կառավարությունը գցում է ԱԱԾ-ի վրա, ՊՆ-ի վրա, նրանք էլ համապատասխանաբար, իրենցից ցածր կառույցների վրա»:

Հիշեցմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ գերիները մեզ կներեն, եթե երկու ամիս ավել մնան գերության մեջ, անհետ կորածի հայրն ասաց. «Իսկ Նիկոլ Փաշինյանը գիտի՞ Ադրբեջանում գերի լինելն ինչ է: Ես ինքս եղել եմ գերի:

1990-ին «Կոլցո» օպերացիայի ժամանակ Քարին Տակ գյուղից ինձ վերցրել էին, մի 20 օր Շուշիում պահեցին: Յուրաքանչյուր օրը մեկ տարի է: Հիմա երեխաները կներեն, թե չեն ների… եթե նրանք գան էլ, նրանց համար այլեւս հայրենիք արտահայտությունը չպետք է լինի:

Նրանք մի հարց կտան՝ պարոն Նիկոլ Փաշինյան, ո՞ւր էր հայրենիքը, երբ մենք գերության մեջ էինք»:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում