Գեղարքունիքի մարզում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա կնոջը և դիմել փախուստի

Գեղարքունիքի մարզում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 65-ամյա կնոջը և դիմել փախուստի

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ սեպտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 19։40-ի սահմաններում դեռևս չպարզված անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 64 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 65-ամյա Մանյակ Գալստյանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն, իսկ վարորդը, նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից հեռացել է։

Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում որոշ հանգամանքներ էին պարզում, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Սևանի բաժին, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, ժամը 22։40-ի սահմաններում մահացել է։

Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Մկրտչյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 243 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։