Գեղամ Պետրոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը Մարտի 1-ի գործով

Ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանն այսօր դատարանի միջանցքում ի պատասխան «Ազատության» հարցի՝ հայտարարեց՝ մեղադրանքը չի ընդունում։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանի ձերբակալման որոշման դեմ բերված պաշտպանական կողմի բողոքը, ինչպես նաև կալանավորելու՝ քննիչի միջնորդությունը:

2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ զոհված Զաքար Հովհաննիսյանի գործով ձերբակալված Գեղամ Պետրոսյանը, պատասխանելով հարցին, թե ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը, թե ոչ, ասաց. – «Ոչ մի դեպքում»։

Պաշտպան Վաղարշակ Գևորգյանն էլ այսօր լրագրողների հետ զրույցում մանրամասնեց. – «Ի հայտ է եկել ինչ-որ անձ, ով ցուցմունք է տվել, որ ցուցարարը հարձակվել է Գեղամ Պետրոսյանի վրա և փորձել է երկաթյա ձողով կամ արմատուրայով հարվածել»։

Հարցին, թե ով է եղել այդ ցուցարարը, պաշտպանն ասաց. – «Նկատի ունեմ դա հենց էն անձնավորությունն ա եղել, որը որ մահացել ա։ Որ իբրև թե Զաքար Հովհաննիսյանը ուզեցել է հարվածել, Գեղամ Պետրոսյանն էլ հանել կրակել ա։ Դատաձգաբանական փորձաքննության արդյունքներ չկան, հայտնի չի։ Զենքն էլ հայտնաբերված չի էսօր։ Ասում են՝ ատրճանակով ա կրակած, բայց այդպիսի ատրճանակ չկա։ Գնդակը հայտնաբերված է, դրանից հետո փորձաքննություն չի նշանակվել»։ Ասաց՝ վկայի հետ փորձ եղել է առերեսվելու, բայց պաշտպանական կողմը չի համաձայնել։

Իսկ թե արդյո՞ք Գեղամ Պետրոսյանը դատարանում հայտարարությամբ հանդես եկել է, թե ոչ, պաշտպանն ասաց. – «Մենք ոչ մեկին չենք վստահում, դրա համար հայտարարություն չի անում»։

Աղբյուր՝ azatutyun.am