Գագիկ Ծառուկյանը կրկին կհեռանա՞ քաղաքականությունից. «Ժողովուրդ»

Գագիկ Ծառուկյանը կրկին կհեռանա՞ քաղաքականությունից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այնքան էլ աչքի չի ընկնում քաղաքական գործունեությամբ: Ավելի շատ նա հանդիպումներ է ունենում մարզիկների հետ կամ արտակարգ դրության եւ կորոնավիրուսի համավարակի պատճառով տուժած ոլորտների ներկայացուցիչներին, լսում նրանց, փորձում օգնել եւ այլն։

Այսինքն՝ որպես այդպիսին, քաղաքական հայտարարություններով հանդես չի գալիս: Եվ վերջին շրջանում քաղաքական դաշտում շատ են խոսում այն մասին, որ Ծառուկյանի պասիվությունն իր պատճառներն ունի, եւ չի բացառվում, որ ԲՀԿ նախագահն առաջիկայում հայտարարի քաղաքականությունից հեռանալու մասին, ինչպես դա եղավ 2015 թվականին: Արդյոք հնարավո՞ր է նման սցենարի զարգացում։

Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանին, որը միանշանակ հայտարարեց, թե այդ տեղեկությունները սուտ են: «Ոչ, իհարկե, բացարձակ սուտ է, եւ այդ սուտը միտումնավոր կամ անմիտ տարածվում է։ Այդպիսի լուրերը, բացի ժպիտից, ոչ մի բան չեն առաջացնում», – հավելեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում