Բժշկի կարծիքով՝ թոքաբորբից մահացած կինն իրականում կորոնավիրուսից է մահացել

Բժշկի կարծիքով՝ թոքաբորբից մահացած կինն իրականում կորոնավիրուսից է մահացել

Օրեր առաջ գրել էինք, որ «Մարտունի» բժշկական կենտրոնից «Էրեբունի» ԲԿ տեղափոխված 23-25 տարեկան կին է մահացել։

Մեզ հետ զրույցում «Մարտունի» ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը վստահեցրել էր, որ կինը կորոնավիրուսով վարակված չի եղել, այլ ունեցել է երկկողմանի թոքաբորբ։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում «Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ Նունե Ներսիսյանը կարծիք հայտնեց, որ կինը մահացել է կորոնավիրուսից և համոզված է, որ նրան անգամ թեստ չեն արել․ 

«Թող Մարտունի ԲԿ-ի տնօրենը ցույց տա, որ տվյալ կնոջը կորոնավիրուսի թեստ են արել, այդ ժամանակ իմ կասկածները գուցե վերանան։ Կինն ունեցել է սուր շնչառական խնդիրներ, թոքաբորբ, այսօր փաստացի ունենք կորոնավիրուսի վարակման դեպքեր, ինչպես ասում են՝ «թասի ընկնելը առանց զրնգոց չի լինում»։ 

Ես չեմ պնդում, եթե կա փաստ՝ թող ցույց տան, բայց ոչ հետին թվով գրած։ Համոզված են, որ իրենք չունեն այդ թեստի արդյունքները, որովհետև չեն արել»,- ասաց Ներսիսյանը։ 

Առողջապահության նախարարության գործելաոճը Ներսիսյանը բացասական է գնահատում, որովհետև ըստ նրա՝ գոյություն չունեն օպերատիվ շտաբեր, իրազեկման ճիշտ ուղի, որ մարդկանց մոտ խուճապ չլինի, գոյություն չունեն կազմակերպչական աշխատանքներ՝ դիմակներ, ալկոգելեր գնելու և դրանց գնային աճը վերահսկելու առումով․ 

«Գոյություն չունի ճիշտ գործելաոճ սահմանին, օդանավակայանում։ Էջմիածնի դեպքը դրա վառ օրինակն է։ Իմանալով, որ Իտալիայում կա կորոնավիրուսի դեպք՝ պարտավոր էին ինքնաթիռի ուղևորներին մեկուսացնել մինչև անցներ գաղտնի շրջանը։

Արսեն Թորոսյանը, երևի թե, տեղյակ չէ, որ գաղտնի շրջանում թեստը կարող է բացասական ցույց տալ։ Սա անգործունակ Առողջապահության նախարարություն է, իսկ առողջությունն այսօր ազգային խնդիր է։ Եթե այսպես շարունակվի՝ մենք օրական ոչ թե 2, այլ 22 դեպք էլ կունանք, որովհետև կանխարգելիչ ոչինչ չի արվում»,- նշեց նա։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում