Քաղաքականություն

«Բերեք կանգնացրեք դեմս, ով ասել ա, ինքը ԱԱԾ-ի գործակալ ա, ինքը օլիգարխների կատարածու ա». Փաշինյան «Առավոտ»

Այսօր «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրուցեց՝ մինչ քարոզարշավը: Մեր հարցին՝ դուք փաստորեն նույն ոճով եք էլի քարոզարշավն անում, ինչ ԱԺ ընտրությունների ժամանակ, դա ձեզ հաջողություն բերեց, դրա՞ համար եք էլի այսպես անցկացնում քարոզարշավը՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այնպես չի, որ դա հաջողություն է բերել, որովհետեւ ինչ-որ առումով խորհրդարանական ընտրություններին արձանագրած արդյունքը կարելի է եւ հաջողություն համարել, ե՛ւ չհամարել, այնպես չի, որ մենք բավարարված ենք ԱԺ ընտրությունների մեր արձանագրած արդյունքներով:

Մենք հույս ունենք, որ այն թափանիվը, որ սկսեց պտտվել խորհրդարանական ընտրություններին, թափն ավելի մեծացնենք եւ հասնենք հաղթական արդյունքի»: Մեր դիտարկմանը, որ Գելափի հարցումներով՝ Տարոն Մարգարյանը պետք է 60 տոկոսից ավելի ձայն հավաքի, իսկ «Ելքը»՝ 11 տոկոս՝ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ սոցհարցումներով Թրամփն էլ պետք է պարտվեր. «Կապրենք՝ կտեսնենք:

Մենք հույս ունենք, որ Երեւանի քաղաքապետի ընտրությունները անակնկալ կլինեն սոցիոլոգների համար»: Հարցին՝ Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանի» կուսակցության հետ առաջիկայում միավորման հնարավորություն տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ՝ նա պատասխանեց. «Համագործակցության համար մեզնից կախված առավելագույնն արել ենք:

Մենք մեր առաջարկներն արել ենք, հնարավոր ամենակառուցողական առաջարկը, դրանից ավելի մենք ի՞նչ կարող էինք անել: Եթե իրենք առաջարկ ունեն, մենք կլսենք այդ առաջարկը»: Երեկ Էրեբունի համայնքում քարոզարշավի ժամանակ, երբ բնակիչներից մեկն ասաց՝ էս մեր մեռելները նույնությամբ մնացին ԱԺ-ում, հա՞՝ Զարուհի Փոստանջյանը համաձայնեց, որ այնտեղ մեռելներ են ու ԱԺ չկա, այդ ԱԺ-ն պետք է իրենք նոր հիմնադրեն:

Այս առնչությամբ մեր հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ դա կոռեկտ ձեւակերպում չէ: Համենայնդեպս, մեռել բառը ավելի ճիշտ կլինի քաղաքական առումով օգտագործել Զարուհի Փոստանջյանի նախկին կուսակցության համար»: Հարցին՝ այսօր «Երկիր Ծիրանիից» մեկնաբանություն եղավ, որ դուք սատարում եք ՀՀԿ-ին, քանի որ լինելով ընտրված պատգամավոր՝ մասնակցում եք Երեւանի քաղաքապետի ընտրություններին, ինչպե՞ս կմեկնաբանեք՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Եթե չմասնակցեինք, կասեին՝ հա դե 9 հատ մանդատ ստացան, հանգստացան, էդ չէ՞ր դրանց ուզածը»: Ըստ Նիկոլ Փաշինյանի, նրանք, ովքեր լսում են, թե իրենք ինչ են ասում,բովանդակության ընկալման հետ խնդիրներ ունեն:

Նա նշեց, որ եթե ինքը քաղաքապետ ընտրվի, իր մանդատը մնալու է «Ելքի» ցուցակով հաջորդ թեկնածուին: Երբ ճշտեցին՝ այսինքն, պայմանավորվածություն չկա՞ ՀՀԿ-ի հետ՝ Փաշինյանը բարկացավ, նա հորդորեց՝ էդ ասողներին բերեք դեմս կանգնացրեք. «Ես ձեզ առաջարկում եմ, ով ինչ ասում ա, հավաքեք, բերեք ուղիղ եթերում կանգնացրեք դեմս, տենանք քանի՞ րոպե իրանք կանգնած կմնան՝ բառիս փոխաբերական իմաստով: Ես չեմ հասկանում՝ հիմա լրագրողությունը դարձել է բանսարկությունների տարածման մեխանի՞զմ:

Ով ասել ա, ինքը ԱԱԾ-ի գործակալ ա, ինքը օլիգարխների կատարածու ա, ինքը Սերժ Սարգսյանի ընտանիքի սպասարկուն ա: Գնացեք իրանց դա ասեք, ասեք՝ Փաշինյանն ասում ա՝ դուք Սերժ Սարգսյանի սպասարկուն եք: Գնացեք ասեք՝ ինքը Կուտոյանի գործակալն ա: Ով ասում ա՝ ասեք՝ դու ԱԱԾ-ի գործակալն ես, ФСБ-ի գործակալն ա: Մարդն առնվազն ապուշ պետք ա լինի, որ իմ քաղաքական գործունեությունն իմանալով՝ էդպիսի բաներ խոսա»:

Նյութի աղբյուր` aravot.am

Կիսվել էջում