«Բելաջիո» ռեստորանային համալիրում, ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի. կան բերման ենթարկվածներ

«Բելաջիո» ռեստորանային համալիրում, ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի. կան բերման ենթարկվածներ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 25-ին վիճաբանություն-ծեծկռտուք–դանակահարություն է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 00:10-ի սահմաններում ոստիկանության Մարաշի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում գործող «Բելաջիո» ռեստորանային համալիրում վիճաբանություն է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ ստացված տեղեկությունները հավաստի են:

Կարճ ժամանակ անց խուլիգանություն կատարելու կասկածանքով նշված հասցեից ոստիկանության Մարաշի բաժանմունք են տեղափոխել Երևանի բնակիչներ, 23-ամյա Վլադ Ա.-ին, 26-ամյա Վահագն Ա.-ին, 28-ամյա Դավիթ Ա.-ին, 54-ամյա Մհեր Ա.-ին, 21-ամյա Արտյոմ Ա.-ին և Արարատի մարզի բնակիչ, 35-ամյա Զոհրապ Մ.-ին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ օրը նշված ռեստորանային համալիրում ծննդյան արարողության մասնակիցները տևական ժամանակ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, խախտել են հասարակական կարգը, կոպիտ կերպով խախտելով ռեստորանային համալիրի բնականոն աշխատանքը, վիճաբանել և հարվածներ են հասցրել միմյանց ու հնչեցրել հայհոյանքներ:

Վիճաբանության մասնակիցներից Դավիթ Ա.-ն էլ իր ձեռքում եղած դանակով հնչեցրել է սպառնալիքներ:

Ոստիկանություն տեղափոխված բոլոր անձինք բաց են թողնվել, իսկ ռետսորանային համալիրի տնօրեն Ա. Ա.-ից կատարվածի մասին հաղորդում է ընդունվել: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են նաև միջոցառումներ՝ դանակը հայտնաբերելու ուղղությամբ: