«Բաքուն ու Մոսկվան արգելում են Հայաստանի վարչապետին՝ այցելել Արցախ». Վարդան Բալյան

«Բաքուն ու Մոսկվան արգելում են Հայաստանի վարչապետին՝ այցելել Արցախ». Վարդան Բալյան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բաքվի պահանջով Մոսկվան արգելափակել է Հայաստանի ղեկավարի ճանապարհը դեպի հայկական Արցախ

Ֆրանսիայի նախագահի երկու առանցքային թեկնածուների այցելությունը Հայաստան մեր տեղեկատվական դաշտում անհրաժեշտ լուսաբանում չստացավ, ցավոք:

Այնինչ դեկտեմբերի 22-ին Վալերի Պեկրեսի Արցախ կատարած այցելությունը լուրջ դժգոհություն է առաջացրել Բաքվում: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ֆրանսիայի հանրապետության ժամանակավոր հավատարմատարը և նրան հանձնվել է պաշտոնական բողոքի նոտա:

Ադրբեջանի դիվանագիտական գլխավոր ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ «տիկին Պեկրեսի գործողությունները լրջորեն խաթարել են Ֆրանսիայի հեղինակությունը տարածաշրջանում և այն դերը, որ Ֆրանսիան կարող է ունենալ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործում»: Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուն այցելել էր նաև Եռաբլուր, իսկ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր.

«Մենք պետք է մոբիլիզացնենք ողջ Եվրոպան այս կոնֆլիկտի շուրջ, սա կոնֆլիկտ չէ Կովկասում, սա կոնֆլիկտ է, որ վերաբերում է Եվրոպային, քանի որ երբ հարձակվում են քրիստոնյաների վրա Արևելքից…, ապա գրոհում են եվրոպական քաղաքակրթության հիմքերը»:

Պուտին Ալիև Փաշինյան

Առաջիկայում տիկին Պեկրեսի և աջերի թեկնածու Էրիկ Զեմմուրի այցելության մանրամասներին կանդրադառնամ առանձին գրառումով, իսկ հիմա ուշադրություն եմ հրավիրում հանրային ուշադրությունից դուրս մնացած չափազանց կարևոր հանգամանքների վրա:

Եվ այսպես, Պեկրեսի այցելությունը բորոբոքել է Բաքվի դժգոհությունը Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության նկատմամբ: Ադրբեջանական և ռուսական աղբյուրների հաղորդմամբ Մոսկվային պահանջ է ներկայացվել բացառել նման այցերը:

Բայց այստեղ հետաքրքիր է մեկ այլ դրվագ: Պարզվում է, Բաքուն ու Մոսկվան ունեն պայմանավորվածություն թույլ չտալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Արցախ:

Հատկանշական է, որ ադրբեջանական տեղեկատվական դաշտում այս կապակցությամբ ակնհայտորեն պաշտոնական Բաքվի թույլտվությամբ հրապարակային հարցադրում է արվում՝ ինչպե՞ս է տիկին Պեկրեսը հաղթահարել ռուսական բլոկպոստերը, որոնք փակում են ճանապարհը դեպի Ստեփանակերտ Փաշինյանի առջև:

Ու առնվազն տարակուսանք է առաջացնում մեր բացարձակ լռությունը նման սկանդալային իրողության հետ կապված: Ի՞նչ է նշանակում Բաքվի պահանջով Մոսկվան արգելափակում է Հայաստանի ղեկավարի ճանապարհը դեպի հայկական Արցախ»: