«Բացառում եմ, որ արդար ընտրության արդյունքում որևէ քաղաքական ուժ կստանա ձայների մեծամասնություն»․ Նաիրա Զոհրաբյան

Կիսվիր ընկերներիդ հետ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը քիչ առաջ Աջափնյակ վարչական շրջանի «Բիլիարդ բար» կոչվող այն ընտրական շտաբում էր, որտեղից երեկ ընտրակաշառք բաժանելու ահազանգ էր ստացվել: Այստեղ էին նաեւ պատգամավոր Իվետա Տոնոյանը եւ ԲՀԿ այլ անդամներ: Զոհրաբյանը «Հետք»-ի հետ զրույցում կրկին պնդեց, որ այնտեղ որևէ մեկը ընտրակաշառք չի բաժանել:

«Պնդում եմ միանշանակ՝ գումար չկա եւ չի լինելու եւ չի եղել: Ամբողջ օրը ողջ ԱԱԾ-ն նստած է մեր ակտիվիստների պոչին եւ եթե մի դեպք կարողանային գտնեին, վստահ եղեք` այս 12 օրվա ընթացքում այդ դեպքը կսարքեին Բոլիվուդյան թրեյլեր»,- ասաց քաղաքապետի թեկնածուն:

Նրա փոխանցմամբ՝ երեկվա դեպքի առթիվ հինգ անձ բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք, ժամեր անց ազատ արձակվել: Ասաց՝ այդ դեպքով տարեց տղամարդ է Աջափնյակի ոստիկանական բաժանմունք հրավիրվել, ով քիչ առաջ ահազանգել է իրեն եւ հայտնել, որ իր նկատմամբ ճնշում է եղել, մինչ առավոտյան 06:00-ն պահել են ոստիկանական բաժանմունքում.

«Ասել են՝ մինչեւ չգրես, չես գնա տուն: Ստիպել են, որ գրի, որ Հայկ անունով մեր մի ակտիվիստ, ով իր հարեւանն է, իրեն գումար է տվել 40 հազար դրամ: Պապին ասեց` ասել են, որ մինչեւ չգրես, չես գնա տուն եւ ստիպված է եղել գրել»:

Զոհրաբյանը քիչ առաջ ահազանգ է ստացել, որ «Մոս» մականունով մեկը Անաստասավան կոչվող տարածքում՝ 94 դպրոցի դիմաց, աշխատում է «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի համար եւ ավտոմեքենաներով մարդ է տեղափոխում ընտրատեղամաս, տեղամասի դիմաց ահաբեկչական գործողություններ է իրականացնում.

«Ասում է՝ կգնաք, կքվեարկեք Հայկի օգտին»: Քաղաքապետի թեկնածուն ահազանգի հետքով արդեն վստահված անձինք է ուղարկել ընտրատեղամաս:

«Ես բացառում եմ, որ արդար ընտրության արդյունքում որևէ քաղաքական ուժ կստանա ձայների մեծամասնություն: Ես դա բացառում եմ, որովհետև տրամադրվածությունն ակնհայտ է: Ես կարծում եմ` կլինեն կոալիցիաներ: Ո՞ր, ի՞նչ, ինչպե՞ս` դա պարզ կլինի ընտրություններից հետո»,- նշեց պատգամավորը:

Աղբյուր՝ hetq.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...