Բացահայտվել է հայտնի դաշնակցական` 51-ամյա տղամարդու սպանությունը․ նրա դին Ford Transit-ի հետ գլորել էին Քյարքիի ոլորաններից

Բացահայտվել է հայտնի դաշնակցական` 51-ամյա տղամարդու սպանությունը․ նրա դին Ford Transit-ի հետ գլորել էին Քյարքիի ոլորաններից

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց՝ 2-ամսյա կալանքի որոշում կայացնի Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Արսեն Մ․-ի և Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Գևորիկ Ղ․-ի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը դռնփակ դատական նիստ անցկացնելուց հետո և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը, և նշված անձինք կալանավորվել և տեղափոխվել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հաշվեկշռում գտնվող համապատասխան քննչական մեկուսարան։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք կասկածվում են Երևանի բնակիչ, ԱՁ տնօրեն, 51-ամյա Ժիրիկ Շաջանյանին սպանելու մեջ։ Վերջինիս դին հայտնաբերվել էր այս տարվա մարտի 30-ին Արարատի մարզում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններում՝ ձորում գլխիվայր շրջված Ford Transit մակնիշի ավտոմեքենայի մոտ։

Դեռ այն ժամանակ դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։

Ու մինչ բաժնի պետը փորձում էր, ըստ վարկածի՝ հայտնել, որ տեղի ունեցածը ողբերգական ավտովթար է, այն ժամանակվա ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, մի քանի վայրկյան զննելով դեպքի վայրը, հայտնեց, որ տեղի ունեցածը ոչ թե ողբերգական ավտովթար է, այլ սպանություն։ Ու արդեն ժամանած դատական բժիշկը, զննելով դին, հաստատեց Կ․ Ցուցուլյանի վարկածը։

Ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզում են դեպքի որոշ հանգամանքներ և, ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, այնուհետև ձեռք բերված փաստական տվյալներով՝ նշված սպանությունը կատարելու կասկածանքով՝ բերման են ենթարկում Արսեն Մ․-ին և Գևորիկ Ղ․-ին, ու արդեն քննչական մարմինը դիմում է դատարան։