Բանալու թելով խեղդել էր 59-ամյա կնոջը. մանրամասներ (Տեսանյութ)

Բանալու թելով խեղդել էր 59-ամյա կնոջը. մանրամասներ (Տեսանյութ)

Օգոստոսի 13-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ երկու օր առաջ «ինսուլտ և թոքաբորբ» նախնական ախտորոշմամբ բուժօգնության ընդունված 59-ամյա կինը օգոստոսի 12-ին մահացել է, իսկ 24 ժամ անց դիահերձարանում նրա պարանոցին կապտուկ է հայտնաբերվել:

Դիահերձարան մեկնած իրավապահները դիակի զննությամբ պարանոցի շրջանում հայտնաբերեցին շագանակագույն քերծվածք: Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն: Պարզվեց` 59-ամյա կնոջ մահվան պատճառը մեխանիկական շնչահեղձությունն է: Նրան խեղդել էին:

Կինը միայնակ բնակվում էր Արմավիրի Մյասնիկյան փողոցում: Հարևաններն էին տանը անգիտակից վիճակում հայտնաբերել և շտապօգնության բրիգադի հետ հիվանդանոց հասցրել: Անհրաժեշտ էր պարզել, թե միայնակ ապրող կնոջն ով կարող էր խեղդամահ անել և ինչի համար: Տնից ոչինչ չէին տարել:

Սպանության փաստով քրեական գործ հարուցվեց:

Բացահայտման աշխատանքներին միացան նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները: Համալիր միջոցառումների արդյունքում, ինչպես և նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվեցին ոչ միայն դեպքին առնչվող մի շարք հանգամանքներ, այլև կասկածյալի ինքնությունը:

Հիմնավորվեց, որ օգոստոսի 11-ին, ժամը 2-ի սահմաններում, անձնական հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ 59-ամյա կնոջը բռունցքով խփել, ապա պարանոցից կախված բանալու թելով խեղդել էր նրա ծանոթը` Արմավիրի Չարենցի փողոցի 23-ամյա մի բնակիչ:

Իրավապահների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում օգոստոսի 16-ին երիտասարդը հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն և ձերբակալվել:

Հանգամանքները պարզվում են: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Տեսանյութը ստորև