Արցախյան վերջին պատերազմից հետո Հայաստանում ավելի քան 700 տղաների կոչել են Մոնթե անունով

Արցախյան վերջին պատերազմից հետո Հայաստանում ավելի քան 700 տղաների կոչել են Մոնթե անունով

News.am-ը գրում է․ 2020–ին Արցախում տեղի ունեցած պատերազմական գործողություններից մինչեւ օրս Հայաստանում ծնված տղաներից ավելի քան 700–ին կոչել են Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անունով, ինչն աննախադեպ է։

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են, որ ՔԿԱԳ միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի տվյալներով՝  2016-ից մինչև 2021թ փետրվարի 1–ն ընկած ժամանակահատվածում Մոնթե անվամբ անվանակոչվել է 1816 երեխա:

Հայաստանում Մոնթե անունը նորածիններին ավելի հաճախ տրվել է 2016թ. ապրիլյան պատերազմից հետո։  Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ տարեցտարի այդ ցուցանիշն ավելացել է։ Մասնավորապես 2016–ին Մոնթե անունը տրվել է 150, 2017–ին՝ 189, 2018-ին՝ 248, 2019թ.՝ 375, 2020–ին՝ 739, իսկ 2021–ի մեկ ամսում՝ 115 տղաների։ 

Մոնթե մելքոնյան

Նկատենք, որ 2020–ին նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելացել է Մոնթե անունով անվանակոչված տղաների թիվը։ Այս աննախադեպ ցուցանիշը պայմանավորված է Արցախում տեղի ունեցած պատերազմական գործողություններով։ Մասնավորապես, եթե 2020թ. հունվար–հունիսին Մոնթե անունը տրվել է 162 տղայի, ապա երկրորդ կիսամյակում՝ 577, ինչը երեքուկես անգամ ավելի է առաջին կիսամյակի տվյալներից։

Անկախությունից հետո Հայաստանում և Սփյուռքում Մոնթե անունը լայն տարածում է ստացել։ Մոնթե նշանակում է բարձունք: Ազգային-ազատագրական շարժման գործիչ, Հայաստանի և  Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի անունով է կոչվում ՀՀ ԶՈՒ ռազմական ուսումնարաններից մեկը, նրա անունով փողոցներ կան անվանակոչված Հայաստանում և Արցախում։

Մոնթեի հիշատակին գրվել և կատարվել են բազմաթիվ երգեր, նկարահանվել են մի քանի տասնյակ վավերագրական ֆիլմեր։ Մոնթե Մելքոնյանն ապագա սերունդներին պատգամել է՝ «Իմ կենացը մի խմեք, այլ իմ գործը շարունակեք»։