Արցախի դատախազության արձագանքը՝ Լևոն Հայրապետյանի դստեր նամակին

Արցախի դատախազության արձագանքը՝ Լևոն Հայրապետյանի դստեր նամակին

Արցախի դատախազությունն արձագանքել է բարերար Լևոն Հայրապետյանի դստեր նամակին:

«Լևոն Հայրապետյանի ժառանգի ներկայացուցչի կողմից ԱՀ գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա 14.03.2019թ. հարուցվել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար 16.03.2019թ. ուղարկվել էր ԱՀ քննչական կոմիտե:

Պատերազմական գործողություններով պայմանավորված՝ 2020թ. սեպտեմբերի 28-ին քննչական կոմիտեի քննիչի կողմից որոշում էր կայացվել հիշյալ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին:

Իրազեկում ենք, որ առաջիկայում որոշում է կայացվելու քրեական գործով նախաքննությունը վերսկսելու մասին, որի շրջանակում ձեռնարկվելու են քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները Լ.Հայրապետյանի ժառանգների սեփականության իրավունքը պաշտպանելու, իրավունքի խախտումները վեր հանելու և հանցավոր արարք կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- նշված է ԱՀ դատախազության

Լևոն Հայրապետյան

Նշենք, որ Լևոն Հայրապետյանի դուստրը նամակ էր հղել Արցախի իշխանություններին, որում մասնավորապես ասվում է.

«Հարգարժա՛ն պարոն Նախագահ

Բաց նամակով ցանկանում եմ դիմել Ձեզ՝ աջակցելու հորս՝ մեծ բարերար Լևոն Գուրգենի Հայրապետյանի ունեցվածքի նկատմամբ սեփականության իրավունքներս ճանաչելուն աջակցելու և մի խումբ անձանց կողմից ապօրինի օգտագործումը դադարեցնելու խնդրանքով:

Ինչպես գիտեք, հայրս ժամանակին գնել էր շուրջ մեկ տասնյակ բեռնատար ու շինարարական տեխնիկա և այն ժամանակավորապես հանձնել Մարտակերտի շրջանի Վանք գյուղի համայնքապետարանին: 2020թ.-ին, երբ որպես հորս օրինական ժառանգորդ, ցանկանում էի զբաղվել մեր ունեցվածքի ճակատագրով՝ պարզեցի, որ Վանք համայնքին հանձնված վերոնշյալ տեխնիկան Մարտակերտի շրջանի վարչակազմի նախկին ղեկավար Էդգար Հարությունյանը և համայնքի գործող ղեկավար Անդրեյ Սարգսյանը ապօրինաբար տիրացել են և օգտագործում են սեփական կարիքների համար:

Ավելին, նրանք հրաժարվում էին վերադարձնել մեր ընտանիքին պատկանող գույքը՝ փորձելով անհիմն պատճառաբանություններ բերել:

Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմից օրեր առաջ ինձ ընդունել էիք, և ներկայացրել էի մեր ընտանիքի բողոք-խնդրանքը, սակայն վերահաս պատերազմը փոխեց բոլորիս տրամադրությունները, բայց համոզված եմ՝ ոչ նպատակները:

Եվ որպես Արցախի արժանավոր զավակի դուստր՝ գտնում եմ, որ այսօր քան երբևէ, պետք է տեր կանգնեմ հորս երազանքներին, շարունակեմ նրա կիսատ թողած գործը: Ուստի, խնդրում եմ Ձեզ՝ օգնել մեզ վերականգնել մեր իրավունքները մեր իսկ սեփականության նկատմամբ և գործադրենք բոլոր ջանքերը մեր պաշտելի հայրենիքի՝ Արցախի վերազարթոնքին:

Հարգանքով՝ Զարուհի Լևոնի Հայրապետյան»: