Արտակարգ դեպք Տավուշի մարզում. Նոյեմբերյանում հնչել է կրակոց, կա վիրավոր. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը

Արտակարգ դեպք Տավուշի մարզում. Նոյեմբերյանում հնչել է կրակոց, կա վիրավոր. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 03:35-ի սահմաններում, ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան բնակավայրի Տերյան 36 հասցեում գող կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վ. Ազատյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մ. Բուդաղյանի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 03:10-ի սահմաններում, Նոյեմբերյան համայնքի բնակավայրերից մեկի բնակիչ, 25-ամյա Գոռ Ե.-ն, ցանկապատի վրայով մուտք է գործել Նոյեմբերյան բնակավայրի Տերյան 36 տան բնակիչ, 60-ամյա Հարություն Ղ.-ի տան պատշգամբ:

Այդ ամենը նկատել է Հարություն Ղ.-ի աղջիկը, ով տեղեկացրել է հորը, վերջինս էլ հետապնդել է Գոռ Ե.-ին, ով պատշգամբից ցատկել է փողոց՝ փորձելով դիմել փախուստի, սակայն Հարություն Ղ.-ն իր անվամբ հաշվառված «Սայգա-ՄԿ» տեսակի որսորդական ակոսափող հրազենով մեկ անգամ կրակել է Գոռ Ե.-ի ուղղությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով, վերջինս կոնքի հատվածում հրազենային վնասվածք է ստացել: Նոյեմբերյանի ոստիկանները հայտնաբերել են Հարություն Ղ.-ին և հրազենով հանդերձ բերման են ենթարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին:

Արդեն դեպքի վայրում աշխատել են ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Ս. Բադիրյանը:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի պետ Ա. Բուդաղյանն, քննչական բաժնի պետի տեղակալ Հ. Բեգլարյանը: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ Հարություն Ղ.-ն ձերբակալվել է: