Արտակարգ դեպք Երևանում. տարբեր գերեզմանոցներից դանակահարված վիճակում հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքացիներ

Արտակարգ դեպք Երևանում. տարբեր գերեզմանոցներից դանակահարված վիճակում հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքացիներ

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 26-ին, դանակահարության դեպքեր են տեղի ունեցել Երևանի տարբեր գերեզմանոցներում:

Ժամը 01:15-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից տեղեկություն է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժին, որ շտապօգնության բժիշկների թիվ 55 խումբը Նոր Նորք վարչական շրջանից իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Մաթևոսյանի գլխավորությամբ:

Բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ տվյալ պահին բացատրություն տալու: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Էրեբունու ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ, 48-ամյա Ռաֆիկ Մ.-ն է, ով դանակահարվել է դեռևս անհայտ անձի կողմից՝ Վարդաշենի գերեզմանների մոտ:

Փաստի առթիվ ավագ հետաքննիչ Մաթևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նույն օրը՝ ժամը 03:00-ին, Էրեբունու բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին տեղեկություն է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ «Հաղթանակ» թաղամասում ՝ ժողովրդին հայտնի 4-րդ գյուղում ընկել է:

Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 37-ամյա Էդգար Ն.-ն է, ով դեռևս անհայտ անձի կողմից դանակահարվել է «Հաղթանակ» թաղամասի գերեզմանատան մոտ:

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ե՛վ Էրեբունու և՛ Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը կատարած անձին կամ անձանց և հանցագործության գործիք առարկաները հայտնաբերելու ուղղությամբ: