Արտակարգ դեպք Երևանում. հետախուզվողին վնասազերծելու ժամանակ պարեկները արցունքաբեր գազ են կիրառել․ հետախուզվողը դիմել է փախուստի

Արտակարգ դեպք Երևանում. հետախուզվողին վնասազերծելու ժամանակ պարեկները արցունքաբեր գազ են կիրառել․ հետախուզվողը դիմել է փախուստի

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 01:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ ծառայություն կատարելու ժամանակ, Իսակովի պողոտայում նկատել են հանդիպակած երթևեկող ավտոմեքենա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները ձայնային ազդանշանի միջոցով փորձել են ավտոմեքենան կանգնեցնել, սակայն վարորդը՝ չենթարկվելով պարեկների օրինական «կանգ առ» հրահանգին, շարունակել է երթևեկությունը դեպի Բաբաջանյան փողոց, այնուհետև Շերամի փողոցով ուղևորվել է դեպի Հաղթանակ (ժողովրդին հայտնի 4-րդ գյուղի) թաղամասի տներից մեկի բակ:

Գ. Շամշյանի տեղեկություններով, պարեկները պարզել են, որ վարորդը Երևանի բնակիչ, 30-ամյա Հարություն Ա.-ն է, ով ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից գտնվում է հետախուզման մեջ:

Այդ ժամանակ պարեկները փորձել են նրան բերման ենթարկել ոստիկանության մոտակա բաժին, սակայն նշված տանից դուրս են եկել 2 հոգի՝ կին և տղամարդ ու սկսել քաշքշել պարեկներին՝ խոչընդոտելով վերջիններիս աշխատանքին:

Գ. Շամշյանի տեղեկություններով, պարեկները մի քանի անգամ հորդորել են այդ մարդկանց, որպեսզի չխոչընդոտեն իրենց աշխատանքին, սակայն այդ մարդիկ իրենց ձեռքերում խոհանոցային «չափաջախով» շարունակել են խոչընդոտել:

Ու այդ ժամանակ պարեկները օգտագործել են արցունքաբեր գազ և հետախուզվողին հագցրել են ձեռնաշղթա: Դրանից հետո նորից շարունակվել է քաշքշուկը և օգտվելով քաշքշուկից, ձեռնաշղթայված հետախուզվողը դիմել է փախուստի:

Արդեն ժամը 03:30-ի սահմաններում, Հաղթանակ թաղամասից՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկվում 64-ամյա Ս.Ա-ն և 65-ամյա Լ.Ա-ն:

Որոշ ժամանակ անց ոստիկանության Մալաթիայի բաժնից նրանք բաց են թողնվել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկանության Մալաթիայի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, այսօր՝ ժամը 11:00-ի սահմաններում, «Հաղթանակ» թաղամասում հայտնաբերել և ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել հետախուզվող Հարություն Ա.-ին:

Վերջինս ոստիկանության Մալաթիայի բաժնից ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն: