Արտակարգ դեպք Երևանում. թիվ 97 երթուղին սպասարկող ավտոբուսը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ

Արտակարգ դեպք Երևանում. թիվ 97 երթուղին սպասարկող ավտոբուսը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00–ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 97 երթուղին սպասարկող ZHONG-TONG մակնիշի ավտոբուսը Նանսենի փողոցում ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել 19 հասցեի մոտ կայանված Nissan Murano և 2 Opel մակնիշի ավտոմեքենաներին:

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գագիկ Եսոյանն ու Հասմիկ Մուրադյանը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոբուսը վարել է 60-ամյա Մհեր Նազարյանը, ով այն կայանել է և իջել ավտոբուսից, որից հետո տեսել է, թե ինչպես է ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ ընթացել և դարձել 3 ավտոմեքենաների ջարդի հեղինակ:

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում: Պարզվում է վթարված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը: