Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. Սևանի ջրափրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում այսօր մի քանի հոգու կյանք փրկվեց

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. Սևանի ջրափրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում այսօր մի քանի հոգու կյանք փրկվեց

Shamshyan.com-ը գրում է․ Այն որ, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունը բազմիցս քաղաքացիներին հորդորել է, որպեսզի ամառվա այս օրերին Սևանա լճում խստագույնս պահպանեն անվտանգության կանոնները, ցավոք սրտի, շատերն ասես մատների արանքով նայեն:

Ամառվա այս սեզոնին ջրափրկարարները Սևանում բազմաթիվ քաղաքացիների են փրկել: Այսօր՝ օգոստոսի 21-ին, ժամը 16:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կենտրոն հերթական անգամ ահազանգ է ստացվել,  որ ափից մոտ 1 կմ հեռավորության վրա հեծանվանավակ է շրջվել:

Ջրափրկարարները 2 մոտորանավակով օպերատիվորեն մոտեցել են այդ վայրին և 4 քաղաքացու ու հեծանվանավակը դուրս են բերել ափ:

Այսօր՝ ժամը 17:30-ի սահմաններում, ջրափրկարարները դարձյալ հերթապահություն իրականացնելու ժամանակ, լճում շրջայց կատարելու ընթացքում ափից մոտ 1,5 կիլոմետր հեռավորության վրա նկատել են շրջված ջրային մոտոցիկլ:

Ջրափրկարարները մոտեցել և այնտեղից անվնաս ափ են դուրս բերել 2 քաղաքացու, որոնք եղել են ջրային մոտոցիկլով:

Այսօր՝ 14:00-ի սահմաններում, քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել, որ «Ընտանեկան լողափ» կոչվող հանգստյան գոտում, իրենք իրենց ուժերով ափ են դուրս բերել անգիտակից վիճակում գտնվող մի քաղաքացու:

Տեղում՝ առաջին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները՝ խմբի հրամանատար Միքայելյանի գլխավորությամգ, նախ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա նրան մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Սևանի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:

Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց և այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը դարձյալ հորդորում է քաղաքացիներին, որպեսզի՝ առաջին հերթին ելնելով իրենց անվտանգությունից, Սևանա լճում խստագույնս պահպանեն անվտանգության կանոնները: