Արշավախումբը Արա լեռ էր բարձրացել Բանակի տոնի առթիվ. մահացած Նաիրուհին էքսկուրսավար էր

Ալպինիզմի հայկական ֆեդերացիան հայտարարություն է տարածել և որոշ մանրամասներ ներկայացրել Արա լեռ բարձրացած արշավախմբի հետ տեղի ունեցած ողբերգական պատահարի վերաբերյալ։

«Նախապես ներողություն խնդրելով դեպքի վայրից երեկվա մեր հարկադրված լռության և ձեր մեկնաբանություններին չպատասխանելու համար՝ ցավով տեղեկացնում ենք, երեկ՝ հունվարի 28-ին, Էդգար Նավասարդյանի արշավական խմբի մի մասը Արա լեռան վրա տեղի ունեցած ձյան անկման հետևանքով հայտնվեց ծանր իրավիճակում՝ ձյան հետ սահելով լանջից ցած։ Դեպքից անմիջապես հետո խմբի անդամները ահազանգեցին մեզ և ԱԻՆ։

Նախքան փրկարար ուժերի տեղ հասնելը արշավական խմբի անդամները ձեռնարկել են ամեն հնարավոր միջոց՝ տուժածներին օգնելու համար։ Րոպե իսկ չկորցնելով՝ սրտացավ լեռնագնացների մի մեծ խումբ 40 րոպեից արդեն դեպքի վայրում էր՝ այնտեղ, որտեղ ձնահոսք էր եղել։ Մեր խմբի հետ միաժամանակ սկսեց բարձրանալ նաև Երևանի հատուկ նշանակության փրկարարական խումբը»,- նշված է հայտարարության մեջ:

Դրանում նաև ասվում է. «Ցավով արձանագրեցինք, որ խմբի արշավական մի աղջիկ՝ Նաիրուհի Սիմոնյանը, ըստ մեր կարծիքի, անկման հետևանքով ստացել էր կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ և մահացել, ինչի համար խոր ցավ ենք ապրում, և ընտանիքի անդամներին, հարազատներին հայտնում ենք մեր ցավակցություններն ու կարեկցանքը։