Արշակ Հակոբյանը կմնա կալանքի տակ

Արշակ Հակոբյանը կմնա կալանքի տակ

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանին կալանքի տակ պահելու որոշում է կայացրել։ Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ նրա փաստաբան Զորայր Հարությունյանից։

«Ակնհայտ ապօրինի որոշում էր։ Դատարանի որոշման ստացումից հետո վերաքննիչ բողոք ենք ներկայացնելու»,- ասաց փաստաբանը։

Նշենք, որ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետը կալանավորվել է դեկտեմբերի 23-ին Վճռաբեկ դատարանի որոշմամբ։

Մեղադրանքի համաձայն՝ Արշակ Հակոբյանը, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ զբաղեցնելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը եւ հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դիտավորությամբ թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալներ, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաեւ, ենթադրաբար, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը` 22.007.259 ՀՀ դրամը: