Արմեն Ամիրյանի ամերիկյան տները. նախկին պաշտոնյան միլիոնանոց գործարքներ է արել

«Հետք»-ը գրում է․ Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանն այս տարվա փետրվարին 2 մլն դոլարով վաճառել է ԱՄՆ Գլենդել քաղաքում գտնվող իր անշարժ գույքը, որը ժամանակին ձեռք էր բերել 1,2 մլն դոլարով: Սակայն սա նախկին պաշտոնյայի միակ ունեցվածքը չէ Միացյալ Նահանգներում:

Հիշեցնենք, որ Ամիրյանը 1997-2015 թթ. Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրենն էր, իսկ 2016-2018 թթ.՝ մշակույթի նախարարը: Ամիրյանը նաեւ «Արմենակոբ» հեռուստաընկերության հիմնադիրն էր, որը հետագայում վաճառել է:

Առանձնատուն՝ հայկական միջավայրում

2008 թ. օգոստոսի 13-ին Ա. Ամիրյանը, լինելով Հանրային ռադիոյի ղեկավար, 820.000 դոլարով առանձնատուն է ձեռք բերել Գլենդելի Քեմփթոն Ռոուդ 300 հասցեում (300 Kempton Road): Սա նրա միանձնյա սեփականությունն է: Վաճառողները եղել են Էդվին Տաբոադան եւ Մագալի Լայադենսը (Edwin Taboada, Magaly Layadenz):

Ինչպես կարելի է տեսնել ստորեւ ներկայացված պատկերում, առանձնատունը գտնվում է զառիթափի վրա: Տան մակերեսը 193 քմ է, իսկ ընդհանուր հողամասինը՝ 743 քմ: Երբ 2017-ին Արմեն Ամիրյանը ՀՀԿ-ի կազմում մասնակցում էր ԱԺ ընտրություններին, այս գույքը հայտարարագրել էր որպես անհատական բնակելի տուն եւ դրա մակերեսը նշել էր հենց 193 քմ, բայց թերեւս ճիշտ կլիներ, որ նա նշեր ամբողջ անշարժ գույքի չափը: Տունը կառուցվել է 1960-ին, ունի 3 ննջասենյակ եւ նույնքան լոգասենյակ:

2017-ին, ըստ հարկային փաստաթղթերի, անշարժ գույքը (հողը եւ շենքը) գնահատվել է 909.850 դոլար, որի հարկը հաշվարկվել է 10.109 դոլար: Առանձնատունը գնելուց օրեր անց՝ 2008-ի օգոստոսի 27-ին, Ամիրյանն անշարժ գույքը ձեւակերպել է «Amiryan Living Trust»-ի անունով, որի կառավարիչն ինքն է: 2018-ի հունվարի 5-ին էլ Ա. Ամիրյանը, որն այդ ժամանակ ՀՀ մշակույթի նախարարն էր, այս տան գրավադրմամբ «The Rrediger Family Foundation»-ից շինարարական նպատակներով 260.000 դոլար վարկ է վերցրել, որի մարման մասին տեղեկություն անշարժ գույքի փաստաթղթերում չկա:

Ստացած վարկի մասին որեւէ տվյալ չկա Ամիրյանի վերջին հայտարարագրում, որը ներկայացվել է այս տարվա մայիսին: Ինչպես տեղեկանում ենք գույքի վերաբերյալ փաստաթղթերից, Ամիրյանի տան հարեւանությամբ բազմաթիվ հայեր են ապրում, չնայած հայտնի է, որ Գլենդելն ընդհանրապես հայաշատ քաղաք է:

Ամիրյանի երկրորդ առանձնատունն ու վարկերը

Եվս մի առանձնատուն Գլենդելի Հիլքրոֆթ Ռոուդ 943 հասցեում (943 Hillcroft Road) Արմեն Ամիրյանը գնել է 2013-ի օգոստոսի 21-ին: Այդ ժամանակ նա դեռեւս Հանրային ռադիոյի գործադիր տնօրենն էր: Տունը ձեռք է բերվել Կարո Բանջարջյանից (Karo Banjarjian), գործարքի գինը հանրայնացված չէ, բայց հայտնի է, որ Բանջարջյանն իր հերթին առանձնատունը գնել է սրանից ընդամենը 2 ամիս առաջ՝ հունիսի 14-ին՝ վաճառող Անահիտ Ստեփանյանին (Anahit Stepanyan) վճարելով 560.000 դոլար:

Ստեփանյանն էլ տան սեփականատեր է դարձել 2005-ին. նա տունը գնել է Վարդգես Բոստանյանից (Vardkes Bostanian) 732.000 դոլարով: Բոստանյանն իր հերթին 2003-ին տան համար վճարել էր 455.000 դոլար: Այսինքն՝ Ա. Ամիրյանն այս տան անընդմեջ չորրորդ հայ սեփականատերն է: Սա եւս նրա միանձնյա սեփականությունն է:

Առանձնատունը կառուցվել է դեռ 1925-ին, ունի 3 ննջասենյակ, 2 լոգասենյակ, մակերեսը 134 քմ է (2017-ին իր հայտարարագրում հենց այս թիվն է նշել Ամիրյանը), իսկ ընդհանուր տարածքինը՝ 1597 քմ: Ստորեւ կարելի է տեսնել, որ տունն ունի հետնաբակ:

2017-ին այս գույքը (տունը, հողամասը) գնահատվել է 612.620 դոլար, ինչի հիման վրա հաշվարկվել է 6.861 դոլար հարկ: Առանձնատան նախորդ սեփականատեր Կարո Բանջարջյանը այն գնելիս՝ 2013-ի հունիսին, մեկ տարի մարման ժամկետով 365.000 դոլար փոխառություն է վերցրած եղել Ֆրիդա Նաջարյանից (Frida Najarian), որը մարելու պարտավորությունը տան օտարումից հետո անցել է Արմեն Ամիրյանին:

Վերջինս իր հերթին 2014-ի օգոստոսին 30 տարի մարման ժամկետով 380.000 դոլար վարկ է վերցրել «ECOM Mortgage Inc.»-ից: Ավելի ուշ՝ 2017-ի փետրվարին, վարկատուն իր իրավունքները փոխանցել է մեկ այլ ընկերության՝ «CitiMortgage Inc.»-ին:

Վարկ վերցնելուց հետո՝ 2014-ի սեպտեմբերի 8-ին, Ամիրյանն առանձնատունը, ինչպես Քեմփթոն Ռոուդ 300 հասցեի տունը, կառավարման է փոխանցել «Amiryan Living Trust»-ին: 2017-ի հունիսին արդեն նախարար աշխատող Ամիրյանը եւ նրա «Amiryan Living Trust»-ը 6 ամսով (մինչեւ 2018-ի հունվարի 1-ը մարման ժամկետով) 207.000 դոլար վարկ են վերցրել «LDI Ventures» ՍՊԸ-ից: Չի բացառվում, որ այս դեպքում նպատակը եղել է վերոնշյալ 30-ամյա վարկի մասնակի մարումը:

Առավել մանրամասն կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։