Արմավիրի մարզում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու 07-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր

Արմավիրի մարզում ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու 07-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր, սեպտեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մայիսյան գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեծամոր» բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվ են գործել Մեծամորի հիվանդանոցի բժիշկները:

Վիրավորին հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանը:

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի թիվ 27 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Մուշեղ Պետրոսյանի գլխավորությամբ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը, այնուհետև դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: Այս պահին տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 07-ը բարձված է եղել գյուղմթերքներով և այն ամբողջովին թափվել է, լցվելով ճանապարհով մեկ: