Մամուլ

Արժանապատիվ ծառայություն և բարի վերադարձ ենք մաղթում

2024թ.-ի ամառային զորակոչը շարունակվում է:

ՀՀ ԶՈՒ համալրման գործընթացի շրջանակում այսօր՝ հուլիսի 11-ին, Բերդ համայնքի զորակոչիկների մի խումբ մեկնել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:

Զորակոչիկներին ճանապարհելու արարողությանը մասնակցել են Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Աղստև» մասնաճյուղի «Բերդ» էլեկտրացանցի պետ Անուշավան Մանուչարյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սևակ Բադալյանը, Բերդ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Լեռնիկ Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք, զորակոչիկների հարազատները:

«Սիրելի՛ զորակոչիկներ, ծնողներ, հյուրեր, սիրով ողջունում եմ բոլորիդ: Հարգելի՛ ծնողներ, շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ ձեր զավակների հայրենասիրական դաստիարակության համար: Սիրելի՛ զորակոչիկներ, այսօր ձեր հերթն է` ստանձնելու հայրենիքի պաշտպանության սուրբ գործը:

zorakoch 1

Ուզում եմ, որ լինեք զգոն, շրջահայաց, հոգատար միմյանց նկատմամբ, ամեն ինչից վեր դասեք հայրենիքն ու հայրենիքի նկատմամբ սերը: Թո՛ղ բոլորիս աղոթքը ձեզ հետ լինի, խաղաղությամբ իրականացնեք զինվորական ծառայությունը, վերադառնաք ձեր օջախներ, շենացնեք, ծաղկեցնեք մեր տունն ու համայնքը: Փա՛ռք մեր բանակին»,- իր ելույթում նշել է Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը։

ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանի ավագ մասնագետ Վահագն Մելիքյանը ստորաբաժանման ղեկավարի և աշխատակիցների անունից խաղաղ ծառայություն է մաղթել զորակոչիկներին:

Արժանապատիվ ծառայություն և բարի վերադարձ ենք մաղթում, տղե՛րք:

Կիսվել էջում