Մամուլ

Արթուր Վանեցյանի մերձավորն էլ է հարվածել ՍԱՍ-ի Արտակին. Արտակ Սարգսյանը արյունլվա դեմքով հայտնվել է հատակին

Արթուր Վանեցյանի մերձավորն էլ է հարվածել ՍԱՍ-ի Արտակին. Արտակ Սարգսյանը արյունլվա դեմքով հայտնվել է հատակին: Հունիսի 5-ի երեկոյան, ժամը 21․00-ի սահմաններում Երևանում գտնվող «Terazza» ռեստորանում տեղի ունեցած աղմկոտ միջադեպից Factor.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: 

Հիշեցնենք, որ լրատվամիջոցները երեկ գրել էին, որ նշյալ ռեստորանում ռուս գործարարների և ԱԺ նախկին պատգամավոր, «ՍԱՍ գրուպի» սեփականատեր Արտակ Սարգսյանի միջև ծեծկռտուք է եղել:

Factor.am-ին հայտնի դարձավ, որ այս ծեծկռտուքում ներգրավված է եղել նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի մտերիմներից Արթուր Վարսանյանը: Մասնավորապես, Վարսանյանը, որը «Terazza» ռեստորանի մշտական հաճախորդներից է, երեկ երեկոյան ևս եղել է այդ ռեստորանում՝ ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ։

Նույն ռեստորան է մտել նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար ՍԱՍ-ի Արտակը՝ Արտակ Սարգսյանը, որն անցել է Վարսանյանի և նրա ընկերների կողքով՝ չբարևելով վերջիններիս: Վեճը ծագել է հենց այս պատճառով։ Գործարարներից մեկն Արտակ Սարգսյանին է դիմել, թե ինչո՞ւ չի բարևում:

Սարգսյանն ասել է, թե չի նկատել, ինչին ի պատասխան՝ գործարարը հեգնել է թե՝ ակնոց կրի, Արտակ Սարգսյանն էլ հակադարձել է թե՝ ինքդ կրի։ Այս պատասխանից հետո գործարարը վեր է ցատկել և Արտակ Սարգսյանի դեմքին ուժգին հարված հասցրել, ինչից հետո Արտակ Սարգսյանը մոտակայքում առկա բաժակով պատասխան հարված է հասցրել։ Դրանից հետո արդեն իրադարձությունները զարգացել են շատ արագ․ սեղան են շուռ տվել, սպասք կոտրել՝ հաճախորդների ներկայությամբ, որոնց թվում նաև կանայք են եղել: 

Բանը հասել է նրան, որ Արտակ Սարգսյանը արյունլվա դեմքով հայտնվել է հատակին: Factor.am-ի աղբյուրը փոխանցեց, որ նախկին պատգամավորին հատակին գտնվելու ընթացքում բազմաթիվ հարվածներ է հասցրել նաև Արթուր Վարսանյանը: Մենք կապ հաստատեցինք Արթուր Վարսանյանի հետ, որը կտրականապես հերքեց իր մասնակցությունը ծեծկռտուքը։ «Երևի սխալվում եք, նման բան չէր կարող լիներ:

Արտակ Սարգսյանն այդ ՍԱՍ-ի՞ Արտակն է: Բացարձակ գործ չունեմ»,- վստահեցրեց նա: Արթուր Վարսանյանը հերքեց նաև իր և Արթուր Վանեցյանի ազգակցական կապի կամ մտերմության մասին տեղեկությունը: Սակայն, երբ հարցրինք, թե երեկ երեկոյան որտեղ է եղել, Վարսանյանը լարվեց. «Արդեն սկսում եք ինձ հարցաքննե՞լ: Տանն եմ եղել»: Դեպքի շրջանակներում մի խումբ անձինք են հարցաքննվել: Այդ թվում Արտակ Սարգսյանն ու «Terazza» ռեստորանի բազմաթիվ աշխատակիցներ: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Factor.am-ի հետ զրույցում ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց Արտակ Սարգսյանին հարցաքննելու մասին մեր տեղեկությունը: 

«Մարդիկ են հրավիրվել, հարցաքննվել են, հիմա հանգամանքները պարզվում են: Հրապարակելու այլ մանրամասներ չկան»,- ասաց նա: Ոստիկանության մեր աղբյուրները փոխանցեցին, որ Արտակ Սարգսյանը հարցաքննության ընթացքում հայտարարել է, թե միջադեպի հետ կապ չունի: Մեր տեղեկություններով՝ ծեծկռտուքի կողմերի միջև երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել կատարվածի հետ կապված խուսափել իրավապահներին դիմելուց։ 

Աղբյուր՝ factor.am

Կիսվել