Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Արտակարգ իրավիճակների նախարարության 27-ամյակի միջոցառման ավարտից հետո լրագրողներին ասաց Արթուր Վանեցյանը:

Նրա թեկնածությունն առաջադրել են Հայաստանի առաջնությանը մասնակցող բոլոր ակումբները:

Վանեցյանը վստահեցրեց, որ ԱԱԾ տնօրենի և ՀՖՖ նախագահի պաշտոնների համատեղումը կկարողանա արդյունավետ իրականացնել։

«Ժամանակը ցույց կտա, որ չի խանգարի: Ո՛չ անվտանգությունը կտուժի, ո՛չ էլ ֆեդերացիայի աշխատանքները»,- ասաց Վանեցյանը:

Վանեցյանը հայտնեց, որ ոլորտն ուսումնասիրել է և արդեն ծրագրեր էլ ունի, որոնք պատրաստվում է իրականացնել։ Նրա խոսքով` այդ ծրագրերը կներկայացնի ՀՖՖ նախագահի ընտրության օրը:

Վանեցյանն առաջնահերթություն է համարում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը։

«Ֆուտբոլի ֆեդերացիան բավականին ինքնաբավ կազմակերպություն է: Այն, ինչ ունենք, արդյունավետ օգտագործելու դեպքում կարող ենք լուրջ արդյունքներ արձանագրել»,- ընդգծեց Վանեցյանը:

Նա հայտնեց նաև, որ արդեն հանդիպում ունեցել է Հայաստանի առաջնության մասնակից ակումբների ղեկավարների հետ:

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին կընտրեն սեպտեմբերի 22-ին։

Հիշեցնենք, որ 2002թ.-ից ՀՖՖ ղեկավարում է Ռուբեն Հայրապետյանը։

Աղբյուր՝ armeniasputnik

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...