Արթուր Գալեյանը ազատ արձակվեց

Արթուր Գալեյանը ազատ արձակվեց

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբորը՝ Արթուր Գալեյանին, կալանավորելու մասին միջնորդության քննությունն ավարտվեց։

«Դատարանը բավարարեց մեր կողմից ներկայացված բողոքը ձերբակալման իրավաչափության դեմ, ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ, միաժամանակ մերժեց նաև քննիչի միջնորդությունը, ընդորում՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Կալանքի միջնորդության դասագրքային քննություն տեղի ունեցավ շատ մանրակրկիտ, մանրամասն և օբյեկտիվ»,– ասաց փաստաբանը։

Վահան Հովհաննիսյանի մեկնաբանությունից մի քանի րոպե անց Արթուր Գալեյանը ազատվեց դատարանի դահլիճից։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց․ «Շատ հույս ունենք, որ բոլորին այսպիսի արդարադատություն կմատուցենք։ Պայքարելու ենք հանուն մեր զոհված զինվորների, ես իրանց շիրիմին մեռնեմ»,– ասաց նա։

Նշենք, որ այս ժամին էլ ի աջակցություն Արթուր Գալեյանի՝ դատարանի բակում հավաքվել են զոհված զինծառայողների հարազատները։

Հիշեցնենք, որ նախօրեին ռազմական ոստիկանությունը ձերբակալել է Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին եւ նրա եղբորը՝ Արթուր Գալեյանին: Գարիկ Գալեյանը իրենց որդիների մահվան մեղավորներին պատժելու նպատակով զոհվածների հարազատների պայքարի առաջամարտիկներից է:

Քննչական կոմիտեն հայտնել է, որ նրան մեղադրանք է առաջադրվել  զորամաս ապօրինի մուտք գործելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու հատկանիշներով: