Արթուրն ամեն շաբաթ այցելում էր Եռաբլուր և մաքրում Մոնթեի գերեզմանը. նա զոհվեց իր սիրելի Մոնթեի պաշտպանած Մարտունիում

Արթուրն ամեն շաբաթ այցելում էր Եռաբլուր և մաքրում Մոնթեի գերեզմանը. նա զոհվեց իր սիրելի Մոնթեի պաշտպանած Մարտունիում

News.am-ը գրում է․ 19-ամյա զինծառայող Արթուր Սուքիասյանը սեպտեմբերի 27-ին պետք է գար Հայաստան, սակայն, պատերազմի լուրն իմանալով, մնացել էր Ջաբրայիլում:

«Սեպտեմբերի 27-ին Արթուրը Հայաստան պետք է գար, քանի որ առողջական խնդիրներ ուներ, բայց վիրավոր ընկերներին տեսել էր հոսպիտալում և մնացել էր»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արթուրի մայրը՝ Հրանուշ Սուքիասյանը:

Արթուր Սուքիասյանը սովորում էր Երևանի պետական համալսարանի միանգամից երկու ֆակուլտետում՝ հայ բանասիրության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարում բաժնում։ Արթուրի գլխավոր նպատակը քաղաքական գործիչ դառնալն էր:

«Արթուրը երկու բաժիններում էլ գերազանցությամբ էր ավարտել կիսամյակը և զորակոչվել բանակ: Երբ խոսում էինք, ասում էր՝ գալու եմ ու ավելի լավ եմ սովորելու: Եթե ցանկանում էինք Արթուրին հաճոյանալ, ուղղակի գիրք էինք նվիրում իրեն:

Ցանկանում էր քաղաքական գործիչ դառնալ՝ մինչև անգամ նախագահ կամ վարչապետ: Ուսումնասիրում էր, թե ինչպիսին պետք է լինի առաջնորդն իր երկիրը զարգացման տանելու համար։ Կարդում էր տարբեր երկրների առաջնորդների կենսագրականները։ Երազում էր խաղաղ, արդար ու երջանիկ Հայաստանի մասին:

Մի անգամ դպրոցում պատմության ուսուցչուհուն ասել էր՝  Արցախի հարցը պատերազմով է լուծվելու, ուղղակի ինձ են սպասում, որ գնամ բանակ….»,- հիշում է Արթուր Սուքիասյանի քույրը՝ Անի Սուքիասյանը:

Ծառայության ընթացքում Արթուրը նույնպես շարունակում էր ընթերցանությամբ զբաղվել և հարազատներին խնդրում էր իրեն գրքեր ուղարկել:

«Վերջին երկու տարիներին անսահման շատ էր կարդում։ Ծառայության մոտ ինն ամիսների ընթացքում 20 գիրք ուղարկեցինք իրեն։ Այդ գրքերը մնացին Ջաբրայիլում, իր մահվանից հետո մենք այստեղ նորից գնեցինք գրքերն ու վերականգնեցինք իր գրադարանը»,– ասում է Արթուրի մայրը։

Արթուրը «Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի» սան էր, կարատեի սեւ գոտի ուներ, բազմաթիվ հաղթանակներ էր տարել կովկասյան և եվրոպական մրցաշարերում:

«Մեր լավագույն սաներից էր: Որպես մարզիկ շատ պատասխանատու էր և օրինակելի: Մեր խմբի ուրախությունն էր: Մրցաշարերից մեկի ժամանակ կիսաեզրափակչում և եզրափակչում նոկաուտով պարտության էր մատնել ադրբեջանցի հակառակորդներին:

Թեպետ 18 տարեկան էր, բայց պատանու մտածելակերպ չուներ, շատ խոր ու լուրջ դատողությունների տեր տղա էր»,- ասում է Արթուրի մարզիչը՝ Արծրուն Միսակյանը:

Արթուրի ընկերը պատմում է՝ յուրաքանչյուր հաղթանակից հետո Արթուրը մեծ տոն էր կազմակերպում ու անպայման երգում էր:

«Վերջին տարիների մրցաշարերի ժամանակ միշտ միասին էինք լինում ու սովորաբար հաղթում էինք: Մեզ համար ավանդույթ էինք ձևավորել՝ ամեն հաղթանակից հետո լուսանկարվում էին: Մեր վերջին զրույցի ժամանակ, երբ վիրավոր էր, ասաց՝ համբերիր, այս ամենն ավարտվի, կգամ ու ամեն ինչի կհասնենք: Այդ զրույցը երբեք չեմ մոռանա»,- հիշում է Արթուրի ընկեր Մհեր Գևորգյանը:

Արթուր Սուքիասյանը զինվորական ծառայության էր անցել հունվարի 23-ին Ջաբրայիլում: Արթուրը հոկտեմբերի 10-ին վիրավորվել էր Հադրութում, սակայն կարճ ժամանակ անց, դեռ լիովին չապաքինված, վերադարձել էր ռազմաճակատ:

«Վիրավոր ժամանակ զանգահարեց ու ասաց՝ մամ ջան, քեզ շատ եմ սիրում, բայց մինչև վերջ գնալու եմ»,- ասաց Հրանուշ Սուքիասյանը:

Հարազատները նշում են՝ Մոնթե Մելքոնյանն Արթուրի կուռքն էր: Ամեն շաբաթ Արթուրն այցելում էր Եռաբլուր և մաքրում էր Մոնթեի գերեզմանը:

Առավել մանրամասն՝ News.am-ի տեսանյութում