Արզականում կնոջը սպանած տղամարդը՝ հերթական սպանությունն է կատարել Բալահովիտում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Արզականում կնոջը սպանած տղամարդը՝ հերթական սպանությունն է կատարել Բալահովիտում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 30-ին, հերթական սպանությունն է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 08:45-ի սահմաններում ՀՀ  ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Բալահովիտ գյուղում մի տղամարդ դանակը ձեռքին հարձակվել է մարդկանց վրա և կան տուժածներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Կոտայքի  բաժնի պետ Խաչատուրյանը:

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ:

Մինչ ոստիկաններն ու քննիչները կժամանեին դեպքի վայր, «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ ժամը 09:40-ի սահմաններում մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ մեկ հոգի էլ տեղափոխվել է դանակահարված վիճակում:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ, 34-ամյա Սոս Գևորգյանն էր, իսկ վիրավորը, ով հիվանդանոց է տեղափոխվել «ձախից գոտկային շրջանից կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, Հրազդան քաղաքի բնակիչ, 32-ամյա Արթուր Մանուկյանն է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն ու վիրավորը դանակահարվել են Բալահովիտ գյուղի 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի 1-ին հասցեում գործող  «Հիդրոշինարար 5» բաց բաժնետիրական ընկերության շինարարական կազմակերպության տարածքում:

Նշված սպանությունը կատարելու և մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով որոնվում է Արզական գյուղի բնակիչ, 46-ամյա Զորիկ Մելքոնյանը:

Նշենք, որ Զորիկ Մելքոնյանը օգոստոսի 27-ին  Արզական գյուղում սպանել էր իր կնոջը, ապա դանակի բազմաթիվ հարվածներ հասցրել իր հարևաններին ու դիմել փախուստի: