Արդյոք չամուսնացած տղամարդը կարո՞ղ է հարսանիքի քավոր լինել

Կիսվիր ընկերներիդ հետ

Արդյոք չամուսնացած տղամարդը կարո՞ղ է հարսանիքի քավոր լինել

Ցանկալի է, որպեսզի կնքահայրն ընտանեկան հարաբերությունների փորձ ունենա, քանի որ քավորի պարտականություններից է խորհուրդներով օգտակար լինել նորաստեղծ ընտանիքին:

Եկեղեցական որևէ կանոն չի արգելում, որ չամուսնացած տղամարդը հարսանիքի քավոր լինի:

Ովքե՞ր կարող են կնքահայր լինել:

Մկրտվողի հարազատ եղբորից, հայրիկից և պապիկից բացի՝ ցանկացած մարդ: Կնքահայրը պետք է լինի մկրտված, չափահաս տղամարդ: Եկեղեցու ավանդույթի համաձայն նախընտրելի է, որ կնքահայրը լինի կամ հեռու բարեկամ կամ ընդհանրապես արյունակցական կապ չունենա, քանի որ կնքահոր անձի ընտրության նպատակն է, որ մկրտվողի կողքին ավելանա նրա մասին հոգացող ու հավատավոր ևս մեկը:

Կնքահայր ընտրելիս կարևոր է նկատի ունենալ, որ վերջինս լինի բարեպաշտ քրիստոնյա և ունենա օրինակելի ընտանիք: Որպես կնքահայր կարող է հանդես գալ նաև հոգևորականը:

Ովքե՞ր չեն կարող կնքահայր լինել:

Կնքահայր չեն կարող լինել կանայք, անչափահասները, անհավատները, այլակրոնները, այլադավանները, մկրտվողի հայրը, եղբայրը կամ պապիկը:

Պարտադի՞ր է, որ կնքահայրն ու կնքամայրն ամուսիններ լինեն:

Մեր եկեղեցին չունի «կնքամայր» հասկացողությունը։ Պարտադիր չէ, որ կնքահայրն ամուսնացած լինի:

Հայ Եկեղեցու կանոնական որոշումների համաձայն` միայն տղամարդը կարող է կնքահայր լինել: Մկրտվողի կնքամայրը հանդիսանում է այն եկեղեցին, որտեղ անձը մկրտվում է, քանի որ եկեղեցու արգանդից՝ Մկրտության ավազանից է ծնվում քրիստոնյան։

Կնքահայրն իր սանիկի ընտանիքի հետ հոգևոր ազգական է դառնում: Եկեղեցական կանոնների համաձայն` կնքահայրը չի կարող խնամիական կապ ունենալ իր սանիկի հետ:

Աղբյուր՝ Qahana.am