Արաքսի տատը պահանջ ունի Թուքիայից. վերջին հույսը Եվրադատարանն ու Նիկոլ Փաշինյանն են

84-ամյա Արաքսի Դեմիրճյանը դիմել է Sputnik Արմենիային՝ հույսով, որ իր ձայնը կհասնի ՀՀ վարչապետին: Արաքսի տատը վարձով է ապրում։ Խնդրել էր կրկին այցելել իրեն, չմերժեցինք։ Թվում էր, թե մենակ ապրող տատիկը պետք է սոցիալական պայմաններից ու դժվարություններից բողոքեր, սակայն, ի զարմանս մեզ, ոչ մի բողոք:

Միայն հիշելով իր հին վերքերը, խնդրեց կրկին բարձրաձայնել Թուրքիայում իր մոր ու տատի թողած կալվածքների մասին:

Դողդոջուն քայլերով մոտենալով պահարանին, Արաքսի տատն այնտեղից հանեց փաստաթղթերի փաթեթ ու մի փոքրիկ կանաչ տուփ: Դրանք դրեց սեղանին ու խնդրեց մանրամասն ուսումնասիրել թղթերը: Արաբագիր փաստաթղթերն Արաքսի Դեմիրճյանի ժառանգության մասին են վկայում:

Արաքսի տատ

«Աղջի՛կս, անցած անգամ ասել եմ կտակիս մասին, ու որ Աստծու հետ պայման եմ կապել չմեռնել, մինչև հետ չստանամ ունեցվածքս,  բայց արդեն վախենում եմ. ուզում եմ օգնեք դիմել վարաչապետին՝  օգնի պառավիս: Արդեն շատ մեծ եմ. կմեռնեմ կգնամ՝ իմ ունեցվածքը թուրքին կմնա,-ասաց տատը՝ պարզելով փոքրիկ տուփը,-Իմ  ընտանիքի ողջ անցյալն այս տուփի մեջ է եղել՝ Թուրքիայում իմ ընտանիքի թողած անշարժ գույքի մասին վկայող ողջ փաստաթղթերը մայրս՝ Մարիամ Քաչիկյան-Դեմիրճյանն այս տուփի մեջ է բերել Արևելյան  Հայաստան»:

Չնայած մայրը միշտ խոսել է Թուրքիայում թողած անշարժ գույքի ու դրա մասին վկայող թղթերի մասին, բայց Արաքսի տատը տուփի պարունակության մասին մոր մահից հետո է միայն իմացել, երբ պահարանից հավաքում էր նրա հագուստը:

Արաքսի տատ

Տուփի մեջ եղած փաստաթղթերը տվել է թարգմանելու ու իմանալով դրանց բովանդակության մասին, փաստաթղթերի պատճենները հանձնել է Ցեղասպանության թանգարան` բնօրինակը պահելով իր մոտ:

«Տես` ինչեր  ենք ունեցել։ Երբ տարա թանգարան` նայեցին ու ասացին, որ եթե սա վերադարձնենք` ահռելի հարստություն կլինի: Ինչի՞ այդքանը մնա թուրքերին»-ասում է տատը:

Թուրքիայի Խարբերդում Հայոց ցեղասպանության ժամանակ կորցնելով իր ազգի բոլոր տղամարդկանց, տիկին Արաքսիի տատը՝  Մարթան, իր 3 դուստրերի հետ  փախչում է Հալեպ, որտեղ էլ 1929 թվականին վավերացնելով իր և իր դստեր անունով Թուրքիայում եղած անշարժ գույքի՝ տների, ցանքատարածությունների մասին փաստաթղթերը, դիմում է  Հալեպի վիլայեթի բարձրագույն հանձնախմբին՝ նշված սեփականությունների նկատմամբ իր իրավունքները և շահերը պաշտպանելու համար: Այն ժամանակ չի հաջողվում դա անել։

Արաքսի տատ

Թարգմանված փաստաթղթերը վկայում են ահռելի ունեցվածքի մասին` կալվածքներ, արոտավայրեր, տներ։ 1929 թվականի տվյալներով` մայրիկի` Մարիամ Քաչիկյանի անունով կա 8300 թուրքական լիրային համերժեք գումարի գույք, իսկ տատի՝ Մարթա Քաչիկյանի անունով՝ 9700 լիրայի:

Արաքսի տատը տարիներ շարունակ ամեն տեղ դիմել է իրեն հասանելք ժառանգությունը հետ ստանալու համար։ Այս ընթացքում նույնիսկ Թուրքիա է գնացել, դիմել հայ իրավաբանի, սակայն ապարդյուն. բոլորը խոսում են տատի կալվածքներից, բայց ստույգ քայլեր ոչ ոք չի արել: Արաքսի տատի միակ հույսը մնում են Եվրադատարանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Աղբյուր՝ armeniasputnik.am