Արարատի մարզում մեքենան մխրճվել է բեռնատար գնացքի մեջ. վարորդը տեղում մահացել է

Արարատի մարզում մեքենան մխրճվել է բեռնատար գնացքի մեջ. վարորդը տեղում մահացել է

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ ապրիլի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 00։20-ի սահմաններում Նշավան գյուղի բնակիչ՝ 35-ամյա Նահապետ Հովհաննիսյանը իր վարած Daewoo մակնիշի ավտոմեքենայով 585 կմ 9 ՊԿ Մխչյան գյուղի ուղեփակոցի մոտ բախվել է Մասիս քաղաքի բնակիչ՝ 60-ամյա Աշոտ Ոսկանյանի կողմից վարած «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող Վարդենիսի «ԶՈԴ-Արարատ» երկաթգծի երկաթուղու «ՎԼՈ 101134» բեռնատար գնացքին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ն. Հովհաննիսյանը տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Ժամանել է նաև Արարատի մարզի ոստիկանապետ Կամո Ցուցուլյանը։ Մարզի դատախազ Ա. Չիչոյանի հանձնարարականով վթարով զբաղվում է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունը։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է քննիչ Մանասերյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Daewoo-ն, որն ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, շահագործվում էր որպես տաքսի, իսկ Ա. Ոսկանյանն աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում՝ որպես մեքենավար։