Արարատի մարզում ամուսինն իր ծննդյան օրը սպանել է կնոջը

Արարատի մարզում ամուսինն իր ծննդյան օրը սպանել է կնոջը

Արարատի մարզում ամուսինը մեղադրվում է իր ծննդյան օրը կնոջը սպանելու մեջ։

Tert.am-ը տեղեկանում է, որ Արմեն Շահբազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի հունիսի 21-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի տներից մեկում ծագած վիճաբանության ժամանակ, ուղղակի դիտավորությամբ բռունցքով, արմունկով և ոտքերով բազմաթիվ ուժգին հարվածներ է հասցրել կնոջ` Գայանե Թովմասյանի գլխի շրջանին և դեմքին և ապօրինաբար դիտավորությամբ նրան զրկել կյանքից։

Սպանությանը նախորդել է այն, որ 2022 թվականի հունիսի 21-ին, Արմեն Շահբազյանը կնոջ` Գայանե Թովմասյանի, Երևանում բնակվող ավագ որդու` Արման Շահբազյանի, միջնեկ որդու՝ Աղաբեկ Շահբազյանի, կրտսեր որդու՝ Կարեն Շահբազյանի, հարևան` Լուսինե Հովսեփյանի և իր երկու գործընկերների հետ իրենց պատկանող Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի 29-րդ փողոցի 82/2-րդ հասցեում նշել են ծննդյան տարեդարձը:

Ժամը 23։00-ի սահմաններում Կարեն Շահբազյանը, Արմեն Շաբազյանը և գործընկերներ` Արսեն Բաղդասարյանն ու Արսեն Բարիսաքոյանը, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ խոսակցություն են ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված 44–օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը թողած զինծառայողների վերաբերյալ:

Կարեն Շահբազյանը, հանդիսանալով 44-օրյա պատերազմի մասնակից, վիրավորվել է արված արտահայտություններից և իր մոտ գտնվող դանակի սայրը պահել է Արսեն Բաղդասարյանի պարանոցին: Վիճաբանությանը միջամտել է Արման Շահբազյանը և փորձել է Կարեն Շահբազյանի ձեռքից վերցնել դանակը, որի ժամանակ վնասել է Արման Շահբազյանի ձախ ձեռքը:
Հյուրերին ճանապարհելուց հետո, Արմեն Շահբազյանը որդու՝ Արման Շահբազյանի ձեռքը դանակով վնասելու հարցի շուրջ տան ննջասենյակում վիճաբանության է բռնվել կրտսեր որդու` Կարեն Շահբազյանի հետ, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակը՝ ձեռքում պահած, անկանոն շարժումներ է կատարել:

Արմեն Շահբազյանը, որդու ձեռքից վերցրել է դանակը, փակել է շեղբը և դանակի բռնակով, այնուհետև նաև բռունցքներով հարվածներ է հասցրել Կարեն Շահբազյանի գլխի և մարմնի տարբեր մասերին:

Վիճաբանության ձայներից քնից արթնացել է Գայանե Թովմասյանը և քաշելով ամուսնու ձեռքից փորձել է որդուն պաշտպանել, որի ընթացքում որդին հեռացել է տանից, իսկ Արմեն Շահբազյանն ապօրինաբար Գայանե Թովմասյանին կյանքից զրկելու դիտավորությամբ բռունցքներով և ոտքերով, ինչպես նաև արմունկով բազմաթիվ ուժգին հարվածներ է հասցրել նրա կենսական կարևոր օրգաններին՝ և ապօրինաբար դիտավորությամբ նրան զրկել կյանքից։

Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության հոդվածով, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։