Մամուլ

Արամ Սիմոնյանը արժանի չէ, որ քաղաքական հաշվեհարդարի և ինքնահաստատման զոհ դառնա. Միհրան Հակոբյան

Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «2006թ.-ին Արամ Սիմոնյանի ռեկտոր ընտրվելու ամենաակտիվ կողմնակիցներից եմ եղել: 5 տարի անց՝ 2011թ.-ին, ԵՊՀ ռեկտորի միակ թեկնածու Արամ Սիմոնյանին դեմ եմ քվեարկել: Այդ ժամանակ ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավարն էի: Ռեկտոր Սիմոնյանի հետ Համալսարանի ռազմավարական զարգացման հարցերում տարաձայնությունների այնպիսի ծաղկեփունջ կար, որ հենց նույն 2011-ին լքեցի ԵՊՀ վարչական աշխատանքը՝ սեփական դիմումիս համաձայն:

Այս տարիների ընթացքում Արամ Սիմոնյանի հետ հարաբերություններս հարթ չեն եղել: Եվ դա երբեք մեծ գաղտնիք չի եղել, չնայած որ Համալսարանում «տան խոսակցությունը դուրս չհանելու» ավանդույթը բավականին հաջող գործել է:

Հետադարձ հայացք նետելով հակասությունների անցած-գնացած պատմություններին՝ կարող եմ ասել, որ դրանց մի մասը մանրուք էր, իսկ մյուս մասով էլ՝ կարծիքս անփոփոխ է: Ասածս ի՞նչ է. սա Արամ Սիմոնյանի հարցը չէ, սա ազգային համալսարան ունենալ-չունենալու հարցն է: Կասկած չունեմ, որ ԵՊՀ իրադարձությունները ոչ մի կապ չունեն ռեկտոր Սիմոնյանի «չարաշահումների» հետ, առավել ևս՝ բարեփոխումների հետ:

Կասկած չունեմ նաև, որ խնդիրն աթոռից կառչած մնալու մեջ չէ: 12 տարի ղեկավարելով Մայր Բուհը՝ չեմ կարծում, թե Սիմոնյանի աչքը ռեկտորի պաշտոնի վրա է: Այստեղ չկա ոչ կրթական, ոչ էլ՝ կառավարչական խնդիր: Սա ակնհայտ քաղաքական իրադարձություն է:

Արամ Սիմոնյանը փայլուն գիտնական է, և արժանի չէ, որ քաղաքական հաշվեհարդարի և քաղաքական ինքնահաստատման զոհ դառնա: Ավելին՝ ակնհայտ վտանգ կա, որ ԵՊՀ-ն դարձնելու են Սորոսի հիմնադրամի հերթական կանտորան՝ սեփական արժահեմակարգը նոր գործիքակազմով տարածելու և սորոսական տեսակը վերարտադրելու հստակ նկատառումներով:

ԵՊՀ-ն, լինելով բացառիկ ազգային կրթական հաստատություն, չպետք է «բաց հասարակությունների» հերթական զոհը դառնա: Կարծում եմ, բոլոր առողջ ուժերը պարտավոր են այս օրերին Համալսարանի թիկունքին կանգնել ու պաշտպանել՝ ով, ինչով և որքանով կարող է»:

Կիսվեք էջում