Արագածոտնի մարզում 38-ամյա վարորդը 06-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. կինը տեղում մահացել է, տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց

Արագածոտնի մարզում 38-ամյա վարորդը 06-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. կինը տեղում մահացել է, տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 28-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 21:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 38-ամյա Հարություն Սարգսյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի՝ դեպի Արայի գյուղ տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել տղամարդ և կին հետիոտների:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել, զանգահարել է «Ապարան» բժշկական կենտրոն և օպերատիվորեն ժամանած բժիշկները վիրավոր տղամարդուն նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Ապարան» բժշկական կենտրոն:

Բժիշկները արձանագրել են կին հետիոտնի մահը: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վարորդի անվտանգությունից ելնելով՝ Ա. Մարդոյանը, Հ. Գալստյանը, ոստիկանության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանի հետ տեղափոխել են նրան ոստիկանության Ապարանի բաժին:

Վրաերթի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Ստեփան Սուքիասյանի, Հովսեփ Հովհաննիսյանի և ավագ քննիչներ Նորայր Խաչատրյանի, Նարեկ Քասյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ն. Խաչատրյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վրաերթի ենթարկվածները ամուսիններ են, սակայն ոչ զագսավորված և առանց մշտական բնակության վայրի ու ավեի շատ լինում էին փողոցներում:

Տեղում ուժեղացված ծառայություն է կատարում նաև ոստիկանության Ապարանի բաժնի հերթապահ խումբը ՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Գևորգ Ալեքսանյանի գլխավորությամբ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: