Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի մոտ. ինչ-որ քաղաքացիներ փորձում էին «ռազբորկա» անել

Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի մոտ. ինչ-որ քաղաքացիներ փորձում էին «ռազբորկա» անել

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 20-ամյա Արման Թովմասյանի վարած Infiniti մակնիշի, Երևանի բնակիչ, 48-ամյա Վաչիկ Հակոբյանի վարած Opel Vectra մակնիշի և Երևայի բնակիչ, 76-ամյա Գրիգոր Գրիգորյանի վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում Infiniti և Nissan X-Trail մեքենաների վարորդների համար դեպքի վայր ժամանած քաղաքացիները փորձում էին «ռազբորկա» անել, մի պահ սկսեցին իրար նկատմամբ ցուցաբերել անհարգալից վերաբերմունք, քաշքշել, սակայն ճանապարհային ոստիկանների կողմից հետագա զարգացումները կանխվեցին: