Ավտոեքենան կամրջից ցած է ընկել. 32-ամյա վարորդը մահացել է

Ավտոեքենան կամրջից ցած է ընկել. 32-ամյա վարորդը մահացել է

Shamhsyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր հունվարի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:10-ի սահմաններում Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ, 32-ամյա Դավիթ Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակին և մոտ 4,5 մետր բարձրությունից ընկել ցած:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Շահնազարյանի գլխավորությամբ:

Այսօր՝ ժամը 08:00-ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Դ. Գրիգորյանը մահացել է: