Մամուլ

Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է նրա համածառայակիցը

Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է նրա համածառայակիցը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում իրականացվող նախաքննությամբ պարզվել են 2024թ․ փետրվարի 24-ին զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի մի շարք էական հանգամանքներ։

Մասնավորապես, ՀՀ ՊՆ ՌՈ Բերդի բաժնից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն և քաշքշոց է առաջացել մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայող, շարքային Ս․Պ․-ի և շարքային Ավագ Զաքարյանի միջև։

Դրա ընթացքում Ս․Պ․-ն լիցքավորել է իրեն ամրակցված ԿՁԳ տեսակի գնդացիրը և, թիրախավորելով Ա․ Զաքարյանին, մենահատ կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ՝ նրան պատճառելով հրազենային միջանցիկ վիրավորում։

Ստացած հրազենային վիրավորումից զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, ժամը 18։05-ից-18։10-ի սահմաններում, Ա․ Զաքարյանը մահացել է։

Զինծառայող Ս․ Պ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Կիսվել նյութով