Աստված Աբրահամին դուրս հրավիրելով դրախտից ասել է՝ քո հացը քո քրտինքով պետք է վաստակես. Նիկոլ Փաշինյան

Աստված Աբրահամին դուրս հրավիրելով դրախտից ասել է՝ քո հացը քո քրտինքով պետք է վաստակես. Նիկոլ Փաշինյան ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովի իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տնտեսական հեղափոխության կարեւորագույն գործոնը անհատական ջանքն է, քանի որ աղքատության հաղթահարման միջոցը տեսնում են քաղաքացիներին քաջալերելով, որ նրանք զրոյից ՀՀ-ում ստեղծեն բիզնես եւ ոտքի կանգնեն.

«Լավ, մարդուն կարելի է մեկ օր հաց տալ, երեք օր հաց տալ, կարելի է չորս օր հաց տալ, մեկ ամիս, երկու ամիս, մի տարի, բայց ի՞նչ է տեղի ունենում այդ մարդու հետ, որը մտածում է՝ ամբողջ կյանքում ուրիշ մարդիկ իրեն պետք է պահեն։ Արդյոք այդ մարդն իրեն զգո՞ւմ է արժանապատիվ եւ ուժեղ քաղաքացի, ոչ, երբեք։ Մենք այդպիսով կոտրում ենք մարդու ողնաշարը։ Մեր տնտեսական քաղաքականության ամբողջ իմաստն այն է, որ յուրաքանչյուր մարդու կարողանանք այս ուղերձը հստակ հղել, որը Աստված է հղել Աբրահամին դրախտից դուրս հրավիրելուց հետո՝ ասելով, որ քո հացը քո քրտինքով պետք է վաստակես։ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է արձանագրի, որ իր հացն իր քրտինքով պետք է վաստակի, եւ հեղափոխության իմաստը սա է»։

Վարչապետն ասաց, որ կարող են քաղաքացիներն օրինական ճանապարհով Հայաստան ներկրել այն, ինչ ուզում են. «Երկար տարիներ աշխատել եմ որպես լրագրող, ԱԺ պատգամավոր, տասնյակ դեպքեր են եղել, երբ մարդը եկել, ասել է՝ սոխ եմ ներկրել, ինձ թույլ չեն տալիս ներկրել Հայաստան։ Այսօր Հայաստանում այդպիսի խնդիր չկա, օրինական կերպով, սոխ, բենզին, միակ պայմանն այն է, որ ամեն ինչ լինի օրենքի շրջանակներում»:

Նրա խոսքով՝ ապագա գործարարներին պետք է աջակցել կրթությամբ, Հայաստանի դպրոցներում, սկսած ամենավաղ շրջանից երեխաներին պետք է գործարար հմտություններ ուսուցանվեն. «Մշակութային ոլորտում նույնպես անհրաժեշտ է այդ գործարար հմտությունները, որովհետեւ ամեն անգամ, երբ տեսնում եմ հոյակապ ներկայացում՝ դատարկ դահլիճում, ես հասկանում եմ, որ այդ մշակութային միջոցառումը կազմակերպող տաղանդավոր մարդուն խանգարում է գործարար հմտություններ բացակայությունը։

Նույնն է, որ այդ գինին արտադրեն, եւ այն չվաճառվի։ Այդ գինին կշարունակի՞ արտադրվել, իհարկե, ոչ։ Ինչ՞ու են գոյություն ունենում Հայաստանում դատարկ դահլիճներով ներկայացումները, ինչո՞ւ են պետությունից պահանջում ֆինանսավորում՝ դատարկ դահլիճների ներկայացման համար։ Չի կարող լինել որեւէ արտադրանք, որը մարդկանց պետք չէ»։