Շոու-բիզնես

Հերքում․ Ջենիֆեր Լոպեսի «համերգի տոմսերը» վաճառող ticket-am.com-ը կեղծ է

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ամերիկացի հանրաճանաչ և սիրված երգչուհի Ջենիֆեր Լոպեսը՝ ՋեյԼոն, համերգային ծրագրի շրջանակներում ժամանելու է Հայաստան։ Ջենիֆեր Լոպեսը համերգ կտա Երևանում օգոստոսի 3-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Civilnet-ը պարզել է, որ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում ակտիվորեն տարածվում է ticket-am.com կայքի հղումը, որը ներկայացվում է որպես աշխարհահչռակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի՝ Երևանում կայանալիք համերգի տոմսերի վաճառքի հարթակ։ Կայքում նշված է, թե տոմսերն արդեն հասանելի են՝ տարբեր գնային կատեգորիաներով։

Կայքի այս տեղեկության հիման վրա Armlur.am-ը և մի շարք այլ կայքեր ու օգտատերեր գրել են Լոպեսի համերգի տոմսերի գների մասին։

«ArmLur.am-ը Ticket-am.com կայքից տեղեկացավ, որ Լոպեսի երևանյան համերգի տոմսերի գները սկսում են 35․000 ռուսական ռուբլուց։ Նշենք, որ 35․000 ռուբլին վերածելով հայկական դրամի ստացվում է 159․658 դրամ և ընդգծենք այն հանգամանքը, որ սա ամենամատչելի տարբերակն է»,- գրել է լրատվամիջոցը, որի նյութը արտատպել են մի շարք այլ կայքեր։

Մինչդեռ Ջենիֆեր Լոպեսի՝ օգոստոսի 3-ին նախատեսված համերգի տոմսերը դեռևս չեն վաճառվում։ Երգչուհու պաշտոնական կայքում նշված է, որ Երևանի համերգի համար վաճառքը դեռ չի մեկնարկել՝ ի տարբերություն այն քաղաքների, որտեղ հասանելի են ակտիվ հղումներ դեպի պաշտոնական տոմսային հարթակներ։

Հայաստանում տոմսերի վաճառք իրականացնող վստահելի հարթակները ևս դեռ չեն սկսել այս համերգի տոմսերի վաճառքը։

Հայաստանում իրականացվող միջոցառումների տոմսերի վաճառքով զբաղվող այլ վստահելի կայքեր ու պաշտոնական տոմսային հարթակներ ևս դեռևս չեն իրականացնում Լոպեսի համերգի տոմսերի վաճառք։

lopes hamerg

Ինչ է հայտնի կեղծ կայքի մասին

Ticket-am.com կայքը կրկին քննարկման առարկա էր դարձել վերջերս, երբ ապրիլի 3-ին վաճառքի էր դրել ռուս ռոք երգչուհի Զեմֆիրայի՝ Երևանում կայանալիք համերգի տոմսերը, այն դեպքում, երբ պաշտոնապես հայտարարվել էր, որ տոմսերի վաճառքը մեկնարկելու է ապրիլի 8-ից։ Բացի այդ, կայքում տոմսերի գները մի քանի անգամ գերազանցում էին պաշտոնական կայքերում վաճառվող տոմսերի գներին։

Ticket-am.com կայքի վերլուծությունը ցույց է տալիս, որ այն ստեղծվել է 2023-ին մայիսին, թարմացվել է 2025-ի փետրվարին։ Գրանցված է Անատոլի Մոիսեենկոյի անունով, որը Ռուսաստանի Բելգորոդի շրջանից է։

Կայքում առկա չէ հայաստանյան հասցե կամ որևէ հեռախոսահամար։ Որպես իրավաբանական անձ նշված է «Տեխնիկ» («ТЕХНИК») ՍՊԸ-ն։ Վերջինս գրանցված է Մոսկվայում, տնօրենն ու հիմնադիրը Սաբետով Իվանն է։ Հիմնական գործունեության ոլորտն է՝ նախնական պատվերների ծառայությունների հետ կապված այլ ծառայությունների մատուցումը։ Բացի դրանից, գրանցված են ևս շուրջ 94 լրացուցիչ տնտեսական գործունեության տեսակներ, ներառյալ՝ էլեկտրոնային բաղադրիչների արտադրություն, էլեկտրամոնտաժային աշխատանքներ, ջեռուցման և օդորակման համակարգերի տեղադրում, ինչպես նաև մեծածախ և մանրածախ առևտուր։ Տոմսերի վաճառքի մասին որևէ նշում չկա։

Տոմսերի կրկնավաճառք

Տոմսերի վաճառքով զբաղվող tkt.am կայքը շաբաթներ առաջ ֆեյսբուքյան գրառմամբ կոչ էր արել չօգտվել Ticket-am.com կայքից, քանի որ դրանից գնված տոմսերը վավեր չեն։

Tkt.am կայքի տնօրեն Հայկ Հարությունյանը #CivilNetCheck»-ի հետ զրույցում նշեց, որ եթե նախկինում կայքը իրենցից գնում ու կրկնակի բարձր գնով վերավաճառում էր տոմսերը, ապա վերջերս արձանագրվել են դեպքեր, երբ անձինք համերգի են եկել այս կայքից գնված կեղծ տոմսերով։

«Ոստիկանություն ենք կանչել, արձանագրություն են կազմել, բայց հետագայում որևէ հետևանք չի եղել։ Կեղծ տոմսով համերգին եկած հաճախորդն ասում էր, որ կփորձի գումարը հետ բերել, բայց տեղյակ չեմ»,- նշեց նա։

Ընկերությունից նաև տեղեկացրին, որ լինում են դեպքեր, երբ կայքը կրկնավաճառք է անում ու վաճառում իրենց հատկացված տեղերը այլ մարդկանց։

Այսպիսով, ticket-am.com կայքը մոլորեցնում է օգտատերերին՝ ներկայացնելով Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի վերաբերյալ չհաստատված տեղեկություններ և առաջարկելով անվավեր տոմսեր։ Տոմսերի նշված գներն էլ չեն բխում որևէ պաշտոնական աղբյուրից, քանի որ դրանց վերաբերյալ դեռևս հայտարարություն չի արվել։