Աստծուն ծաղրել չի կարելի. Գոռ Վարդանյանի ֆիլմում պղծվել է Հիսուս Քրիստոսի կերպարը. Տեր Եզնիկ քահանա

Աստծուն ծաղրել չի կարելի. Գոռ Վարդանյանի ֆիլմում պղծվել է Հիսուս Քրիստոսի կերպարը. Տեր Եզնիկ քահանա

Armtimes.com-ը գրում է․ Դերասան, ռեժիսոր, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանի «Երկիր մեդիա» եւ «USArmenia» հեռուստաալիքներով հեռարձակվող «Կոռուպցիա 2. Հատուցում» սերիալը սուր քննադատությունների է արժանացել հանրության որոշ հատվածի շրջանում:

Տեսարանը հետեւյալն է. ԱՄՆ-ում ապրող մեծահարուստ եւ հանցավոր աշխարհի ներկայացուցիչ մի տղամարդ իր, այսպես կոչված, «հպատակներին» է ներկայացնում պատից կախված մի նկար, որում ինքը Հիսուս Քրիստոսի նման խաչված է:

Նկարի գլխամասին էլ գրված է՝ «Տեր Զավեն փրկե չարեն»: Վերջինիս շրջապատած 7-8 հոգանոց տղամարդկանց խմբի անդամները հերթով գովեստի խոսքեր են շռայլում նրա հասցեին, ասում, որ նկարը «արվեստի գործ է», հուզիչ է ու տպավորիչ, ապա՝ լուսանկարի տղամարդուն համեմատում Աստծո հետ, իսկ նրանցից մեկն էլ նշում է, թե հարկավոր է օրհնանքի խոսքեր ասել, նա սկսում է երգել՝ «Աղաչում եմ, Զավեն (- հեղ. իրականում՝ երգի օրիգինալ տարբերակում ասվում է Հիսուս) արի, մեր սուրբ հոգուն թագավորի, արի արի…»:

Ֆիլմում ցուցադրված կադրերը զայրացրել են նաեւ հոգեւորականներին: Վերջիններս, երեկվանից իրենց էջերում հրապարակելով կադրեր ֆիլմի այդ տեսարանից, իրենց ցասումն են արտահայտում դրա վերաբերյալ: Օրինակ՝ Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը անընդունելի է համարել նման անհարգալից պղծությունը:

«Պղծության դասական դրսեւորում է քրիստոնյա ժողովրդի հանդեպ: Աստծուն ծաղրել չի կարելի: Հայր, ներիր նրանց, քանզի չգիտեն, թե ինչ են անում»: (Ղուկաս 23.34)»,- գրել է նա:

Հայ առաքելական եկեղեցու կիսասարկավագ Արմեն Հարեյանն էլ ֆիլմի այդ հատվածից տեսանյութն է տարածել, որին կից գրել է. «Այսօր մի անհավանական սրբապղծության մասին իմացա:

US Armenia եւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություններով ցուցադրվում է «Հատուցում. Կոռուպցիա 2» հեռուստասերիալը: Անհավանական սրբապղծություն Առաջի Քրիստոնեա ազգի մոտ»:

Եկեղեցականը նաեւ գրել է, որ ֆիլմի այդ հատվածն իրեն հիշեցրել է երգիչ Ֆիլիպ Կիրկորովի նկարած հոլովակներից մեկը, որտեղ նա «Մարիա Մագդաղենա» երգի ժամանակ թեքել էր խաչը ու ոտքով քայլել դրա վրայով: Նշենք, որ երգչին այդ տեսարանի համար դատի են տվել:

«Սիրելի հայ ժողովուրդ: Դուք հիմա հասկանո՞ւմ եք՝ մենք ինչու ենք պարտվում: Այս ֆիլմերը նկարահանվում են, որովհետեւ հարյուր հազարավոր հայ մարդիկ դիտում են այն, ու միայն հատուկենտ մարդիկ են իրենց ձայնը բարձրացնում ու դատապարտում սրբապղծությունը:

Ձեզանից քանի՞ հոգի հիմա ձեր էջերում ձեր ձայնը կբարձրացնեք ու կդատապարտեք այս նողկալի սրբապղծությունը: Ցույց տվեք Աստծուն, թե դուք ում կողմից էք»,- հավելել է Հարեյանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն էլ, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով ֆիլմում ցուցադրված տեսարանին, ասում է՝ բնականաբար, եկեղեցու դիրքորոշումը բացասական է:

«Նման կերպ առնչվել սրբություններին կամ դրանք աղավաղելը միանշանակ դատապարտելի է: Հասկանալի է՝ ֆորմատը գեղարվեստական է, բայց ցանկացած պարագայում սրբություններին, քրիստոնեական արժեքներին եւ մանավանդ Հիսուս Քրիստոսին առնչվող նման արտահայտչաձեւերը գոնե պետք է ունենան հստակ սահմաններ:

Չի կարելի այդ կերպ անճաշակ եւ սանձարձակ կերպով ներկայացնել կամ «օգտագործել» սրբությունները»,- շեշտում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը:

Հարցին՝ նման դեպքերում Մայր Աթոռն ի՞նչ իրավասություններ ունի եւ պաշտոնապես անդրադառնալո՞ւ է երեւույթին, վերջինս ասում է. «Եկեղեցին անդրադարձ է ունեցել տարբեր հոգեւորականների միջոցով»:

Նկատենք, որ «Կոռուպցիա 2. Հատուցում» ֆիլմը միայն այս կադրերից հետո չէ, որ հանրության որոշ հատվածի ուշադրության կենտրոնում է հայտնվել: Մինչ այս «Հայկական ժամանակ»-ը մի շարք բողոքներ էր ստացել ֆիլմում «Եռաբլուր»-ում նկարահանված կադրերի ու այնտեղ վարվող երկխոսությունների մասին:

Ընդհանուր ֆիլմում գործածվող խոսույթի եւ այլ երեւույթնրի վերաբերյալ հնչող քննադատությունները եւս շատ-շատ են:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում