Առնետը մտել է բանկոմատի մեջ և 42,000 դոլարին համարժեք թղթադրամ կերել

Օրեր առաջ Հնդկաստանի Թինսուկիա քաղաքում առնետը մտել է բանկոմատի մեջ ու մեծ քանակությամբ թղթադրամներ կերել։ Երբ աշխատողները բացել են բանկոմատի դռնակը, հայտնաբերել են կտոր-կտոր եղած թղթադրմաներ և սատկած առնետ։

«Բանկոմատի հետ տեխնիկական խնդիրներ կային և այն չէր աշխատում։ Այդ պատճառով էլ մեր աշխատակիցները գնացել էին, որպեսզի նորոգեն այն։ Սակայն դռնակը բացելուց հետո նրանք ապշել էին»,-լրատվամիջոցներին պատմել է բանկի գլխավոր մասնաճյուղի մենեջերը։

Պարզվել է, որ անհայտ ճանապարհով առնետը մտել է բանկոմատի մեջ և օրեր շարունակ սնվել թղթադրամներով՝ բանկին պատճառելով խոշոր վնասներ։

«Մենք քննություն ենք սկսել, որպեսզի հասկանանք, թե ինչպես է առնետը հայտնվել բանկոմատի ներսում, քանի որ դրա վրա տեղադրված տեսախցիկները չեն ֆիքսել նրան, ինչպես նաև, որպեսզի հետագայում կանխենք նման դեպքի կրկնությունը»։

Բանկոմատում 2.9 միլիոն հնդկական ռուփի (համարժեք է մոտավորապես 42.000 ԱՄՆ դոլարին) է եղել, որից 1.7 միլիոնը, բարեբախտաբար, հնարավոր է եղել վերականգնել։ Մնացած 1.2 միլիոն ռուփիին (մոտավորապես 18.000 ԱՄՆ դոլար) համարժեք թղթադրամները վերականգնել չի հաջողվել։

առնետը