Մամուլ

Առեղծվածային դեպք Հրազդանում․ կայանված «Mazda 3»-ում հայտնաբերվել է 35-ամյա Աղասի Ա․-ի մարմինը

Այսօր՝ փետրվարի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ավտոմեքենայով «Հրազդան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մահացած քաղաքացի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու պարեկները «Հրազդան» բժշկական կենտրոնի ընդունարանի մոտ հայտնաբերել են «Mazda 3» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի նստատեղում հայտնաբերվել է տղամարդու մարմին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ կրծքավանդակի հատվածում կա սուր կտրող-ծակող գործիքի հարվածի հետք։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը՝ Կոտայքի մարզի քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը 35-ամյա Աղասի Ա․-ն է։

Այս պահին ոստիկանները, պարեկներն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործություն կատարող անձի ինքնությունը ճշտելու, նրան և հանցագործության գործիք սուր կտրող, ծակող առարկան հայտնաբերելու, ինչպես նաև «Mazda 3»-ի սեփականատիրոջ ինքնությունը ճշտելու ուղղությամբ։

Աղբյուրի տեղեկություններով օպերատիվ ճանապարհներով իրավապահները պարզել են դեպքի վայրը։

Այս պահին նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չենք հրապարակում։