Աշխարհ

Առաջին անգամ ամուսնացել եմ, երբ շատ երիտասարդ էի, 2-րդին՝ երբ շատ հիմար էի, 3-րդին՝ ում մասին միշտ երազել էի

Ֆրանսահայ լեգենդար շանսոնյե լուսահոգի Շառլ Ազնավուրը մահից ամիսներ առաջ ռուսական «Maxim» ամսագրին տված հարցազրույցում բացահայտել էր իր երկարակեցության գաղտնիքը, ինչպես նաև պատմել անձնական կյանքի մասին։

94-ամյա շանսոնյեն խոստովանել էր, որ ավելի քան 40 տարի չի ծխել և չի օգտագործել թունդ ալկոհոլային խմիչքներ, առողջ սնունդ է օգտագործել և զբաղվել է լողով։ Խոսելով իր կնոջ՝ Ուլլա Տորսելի հետ փոխհարաբերությունների մասին՝ լեգենդար երգիչն ասել է, որ երջանիկ ամուսնության գաղտնիքը հարաբերություններում անկեղծ լինելն է։

«Առաջին անգամ ես ամուսնացել եմ, երբ շատ երիտասարդ էի։ Երկրորդ անգամ՝ երբ շատ հիմար էի։ Երրորդ անգամ ես վերջապես ամուսնացա նրա հետ, ում մասին միշտ երազել էի՝ բաց գույնի աչքերով և մետաքսյա մաշկով շիկահերի հետ: Բացի այդ, Ուլլան փոքր է ինձնից 17 տարով։ Հիասքանչ տարիքային տարբերություն է, կարծում եմ։ Իսկ, ընդհանուր առմամբ, երկարատև ամուսնության գաղտնիքը միմյանց կողքին առավել բնական պահելու և կողակցին ուզածն ասելու մեջ է։ Թեև հիմա բոլորին եմ ասում ճշմարտությունը: Կարող եմ ինձ թույլ տալ դա անել իմ տարիքում»,- ասել էր Ազնավուրը։

Նա նաև պատմել էր իր ստեղծագործական պլանների մասին և վստահություն հայտնել, որ իր 100-ամյակը նա կնշի բեմի վրա։ «Ես ծրագրում եմ համերգ 2024 թվականի մայիսի 22-ին՝ ծննդյանս 100-ամյակին։ Հետո տեսնենք»,- ասել էր նա՝ հավելելով, որ մտադիր չէ «մեռնել տանը՝ բազկաթոռին նստած»։ Բայց լեգենդի երազանքն անկատար մնաց, հավանաբար այն պատճառով, որ Աստված նրա նման բարեսիրտ մարդուն ցանկացավ իր մոտ տանել։

Աղբյուր՝ hayacq.com

Կիսվեք էջում