«Առանց Դավթի ոչ մի որոշում չեմ կայացնում». Աննա Դովլաթյան

Երգչուհի Աննա Դովլաթյանը վերջերս իրեն փորձում է նաև դերասանական ոլորտում։ Շուտով նա կներկայանա «Ա.Կ.Ա.» գեղարվեստական ֆիլմում: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է իր հերոսուհու, ստեղծագործական թիմի հետ աշխատանքի մասին և նկատել, որ ֆիլմում մարմնավորում է առանցքային կերպարներից մեկը։

Աննան նշեց, որ ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստացել է ռեժիսոր Արմեն Միրզոյանի և ֆիլմի դերակատար, պրոդյուսեր Սարգիս Գրիգորյանի կողմից: Դերասանուհին նկատեց, որ սա իր առաջին փորձն ու լուրջ դերակատարումն է գեղարվեստական ֆիլմում: Այդ տեսանկյունից, նրա խոսքով, աշխատանքը փոքր-ինչ պարտավորեցնող ու պատասխանատու է:

«Չնայած սա իմ առաջին փորձն է, ամեն ինչ հեշտ ստացվեց, քանի որ գործընկերներս շատ լավն են: Պրոֆեսիոնալ թիմ է հավաքված, բոլորն օգնում են ինձ: Նկարահանման հրապարակում էլ մթնոլորտը շատ դրական ու ընկերական է, ինչն օգնում է բոլորիս, ավելորդ լարվածություն չկա: Զուգահեռ նաև պատասխանատվություն ես զգում, որպեսզի լավ ներկայանաս»,-ասաց նա:

Ֆիլմում նկարահանվում է նաև Աննայի ամուսինը` Դավիթ Աղաջանյանը, սակայն նրանց կերպարները միմյանց հետ չեն առնչվում։ Դերասանուհու խոսքով, թեև սիրելիի հետ սցենարային առումով ֆիլմում կապված չեն, Դավիթը մշտապես իր կողքին է նկարահանման հրապարակում։

«Դավիթը միշտ ներկա է լինում նկարահանումներին, առհասարակ յուրաքանչյուր հարցում միշտ իմ կողքին է: Առանց նրա ոչ մի որոշում չեմ կայացնում,- ասաց Աննան և ավելացրեց, որ մասնագիտական առումով ինքն ու Դավիթը միմյանց խորհուրդներ հաճախ են տալիս, երբեմն էլ դիտողություններ անում,- Ավելի շատ օգնում ենք իրար: Փորձում ենք ինքներս մեզ վրա աշխատել, որովհետև յուրաքանչյուր մարդ բացի իր ստացած փորձը, ինքն իր վրա պետք է աշխատի, որպեսզի առաջընթաց ունենա»:

Ֆիլմում Աննան մարմնավորում է Սամիրային, որը հանդիսանում է գլխավոր հերոսներից մեկի` Արաբո Գրիգորյանի սիրելին: Դերասանուհին նկատեց, որ նոր խաղընկերոջ հետ համագործակցությունը բավականին լավ է ստացվել:

Նա ասաց, որ հերոսուհին իր հետ որոշակի նմանություններ ունի. «Կերպարն ինձ մոտ է, բայց կան հատկանիշներ, որոնք միանգամայն տարբեր են: Բարդ կերպար է, փոքր-ինչ անսովոր, ես երբևէ չեմ խաղացել նման դեր, բայց միշտ ցանկացել եմ այսպիսի կերպարով հանդես գալ: Սամիրան դրական, բարի, շատ ուժեղ աղջիկ է, որը չի չարանում կյանքի նկատմամբ՝ չնայած բազմաթիվ դժվարություններին: Նա միշտ պահում է մարդկային իր տեսակը»:

«Արաբո Գրիգորյանին շատերը ծանոթ չեն, բայց կարող եմ ասել, որ նա շատ լավն է և՛ որպես մարդ, և՛ որպես դերասան: Ամեն բան արել ենք, որ մեր խաղը շատ լավ ստացվի: Միմյանց միմիայն օգնում ենք: Նկարահանումներին նախորդած նախապատարստական շրջանում էլ հասցրել ենք ավելի մտերմանալ և իրար լավ հասկանալ: Ամեն ինչ արվել է, որպեսզի ֆիլմը ստացվի, մնում է սպասել արդյունքին: Դա մեզ էլ է շատ հետաքրքիր»,-ասաց նա:

Աննայի խոսքով, ֆիլմի նկարահանումների մեկնարկին նախորդել է շուրջ երեք ամիս տևած նախապատրաստական փուլը, որը դերասաններին օգնել է առավել պատրաստված մտնել նկարահանման հրապարակ. « Մինչև նկարահանումները մենք հանդիպել ենք տարբեր մանագետների հետ, որոնք օգնել են մտնել համապատասխան հոգեվիճակի մեջ, որպեսզի ամեն բան ստացվի շատ ճիշտ ու հետաքրքիր»:

Նա նշեց, որ ստեղծագործական կազմից որոշ անդամների հետ համատեղ աշխատանքի փորձ ունեցել է, սակայն մեծ մասի հետ առաջին անգամ է աշխատում: Աննան համոզված է, որ հանդիսատեսն իրեն այս ֆիլմում բոլորովին այլ կողմից կբացահայտի և շատերը հաճելիորեն կզարմանան:

Աղբյուր՝ Tert.am Life