Մամուլ

«Աչքիս առաջ մեկը վիրավոր, մյուսը զոհվեց․․․Անմեղ երեխաներ»․ սառնաղբյուրցի ուսուցչուհին հիշում է

Ժաննա Միրզոյանը Արցախի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի դպրոցի դասվարն էր։ Անցած տարվա սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտապ հարձակման ժամանակ զոհված 15 տարեկան Դավիթը, 10-ամյա Միքայելն ու 8-ամյա Նվերը նրա աշակերտներն էին։ Այս մասին գրում է Forrights.am-ը։

Ժաննա Միրզոյանը մինչ օրս չի կարողանում ընդունել տեղի ունեցածը, իսկ ամսի 19 հիշելիս անընդհատ կրկնում է. «Մի ժամ առաջ էի էրեխեքին տուն ուղարկել… Մեկ ժամից աչքիս առաջ մեկը վիրավոր, մյուսի մասին լսում եմ, որ զոհվել է…մյուսի մասին ասում են, որ ծանր վիճակում է, այն մյուսը մազապուրծ փրկվել է… Սարսափելի էր, շատ սարսափելի էր…Անմեղ, անմեղ երեխաներ»։

Ըստ պաշտոնական տվյալների, Ադրբեջանական հարձակման հետեւանքով գյուղում զոհվել է 5 խաղաղ բնակիչ, 15-ը վիրավորվել են, 4-ը գերեւարվել են Ադրբեջանի ԶՈւ կողմից։ Վիրավորների թվում է Ժաննայի ամուսինը՝ Արսեն Գաբրիելյանը։

Տիկին Ժաննան այժմ ընտանիքի հետ ապրում է Մասիս համայնքի Սայաթ Նովա գյուղում, սակայն դեռ չի կարողանում մտածել անգամ մանկավարժությամբ զբաղվելու մասին.

ashakertner

«Այ հիմա որ խոսում եմ, չեմ կարողանում… հիմա ամեն երեխայի մեջ իմ աշակերտներին եմ տեսնում։ Երեկ աղջկաս ծննդյան օրն էր… հիշում էինք, որ անցած տարի երբ գյուղում էինք, 15 տարեկան Դավիթը արջուկի հագուստ հագած եկել մեզ ուրախացնում էր… Իմ աշակերտներին իմ երեխաներն են համարել, քիչ էին աշակերտները, վեց հոգի։ Տարի կար տասն էին լինում, տասնհինգ, այդ տարի վեցն էին։

Երբ ինձ հարցնում էին՝ քանի աշակերտ ունես, ասում էի, մարդիկ էին լինում տարակուսում էին, թե այդքան քիչ երեխայի համար ինչ դպրոց։ Բայց ես հպարտ էի դրանով։ Մեկն էլ լիներ, երկուսն էլ լիներ, ես ուրախ կլինեյի։

Սահմանամերձ գյուղ էր, պետք է երեխաները դպրոց գնային։ Հիմա հարցնում են, չե՞ս ուզի մանկավարժ աշխատես, ասում եմ՝ որ չեմ կարող, չեմ կարողանում մոռանալ իմ զոհված  աշակերտներին։ Նույնիսկ հոգեբանի եմ դիմել, բայց արդյունք չի տալիս։ Հենց մի տեղ դպրոցական երեխա եմ տեսնում, հիշողություններս արթնանում են, արցունքներս գնում են, չեմ կարողանում ինձ զսպել»։

Զոհված երեխաների դասվարը հիշում է, թե ինչ ուրախ էին երեխաները ամսի 19-ին եւ ինչպես էին սպասում, որ ծանր շրջափակման շրջանից հետո ծնողները իրանց վերջապես կկարողանան քաղցրավենիք բերել։

«Շրջափակման պատճառով ստեղծված վիճակի հետեւանքով դասաժամերը 45 րոպեի փոխարեն կրճատվել էին, 35 րոպե էին տեւում, որ երեխաները դիմանան մինչեւ դասերի ավարտը։ Այդ օրը երեխաները ուրախ եկան, ներքեւից գոռում էին՝ ընկեր Միրզոյան, մաման քեցել ա կոնֆետ բերի, ճանապարհը բաց են արել…

Չգիտեինք, թե օրը ինչ ավարտ կունենա… Ստեփանակերտից ինձ մի քանի հոգի զանգեցին, ասացին, թե խոսում են՝ գյուղում վիճակը լարված է, ես էլ ասացի, որ ամեն ինչ հանգիստ է, ոչ մի արտառոց բան չի կատարվում։ Այդ օրը ֆիզկուլտուրա արեցինք, երաժշտություն արեցինք, հետո դաստիարակչական հեքիաթ կարդացի։ Այ մինչեւ հիմա չեմ կարողանում հիշել, թե որ հեքիաթն էր…

Արդեն դասերի ավարտից հետո, երեխաներին տուն ուղարկեցի։ Ես էլ տուն հասա։ Ժամը մեկին մի քիչ պակաս էր… բակում բաց տեղում էի, ուտելիքն էի տաքացնում, աղջիկս էլ սուրճ էր դնում խոհանոցում… ու մեկ էլ հարվածը եղավ։ Ոնց որ կարկուտ լիներ, կարկուտի ձայն տանիքին, ամեն ուղղությամբ։ Ամեն կողմից սկսեցին խփել։ Վազեցինք բաղնիք։ Տան տանիքին ուժեղ հարված եղավ։ Արագ տուն մտա, երեխայիս հեռախոսը, ավարտած աղջկաս դիպլոմը ու թղթապանակը վերցրի։

Վազելով ոտքով դուրս եկանք տանից, ոտքով, կրակոցների տակով հասանք մինչեւ գյուղի աղբյուրը։ Կիսուրս էր, երկու անչափահաս երեխա, ես, ամուսինս։ Գնացինք, տեսնենք գյուղացիները որտեղ են թաքնվել, գոռում էին, կանչում էինք, տեսնենք ով որտեղ է, բոլորովս միասին լինենք»,- պատմում է մանկավարժը։

Մանրամասները՝ այստեղ

Կիսվել նյութով